«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է՝ Գագիկ Բեգլարյանին ու Գագիկ Խաչատրյանին դեռ հրաժեշտ չենք տալիս, նրանք վերադառնալու են:
Նրա խոսքերով՝ «Մենք շատ ենք տեսել պրոֆեսիոնալների, խելացի մարդկանց, ընդ որում, նրանցից մեկը Դավիթ Հարությունյանն է, ում պահեցին: Բայց ում էլ բերեն՝ բոլորը համակարգը պետք է սպասարկեն: Երկրի կառավարման մեթոդաբանության փոփոխություն տեղի չի ունենալու, որովհետեւ մեթոդաբանությունը կարող է փոփոխվել բացառապես նոր իշխանության ձեւավորումով: Մենք այս պահին նոր իշխանություն չունենք, ունենք միայն փոխատեղումներ, իսկ փոխատեղումներով միանշանակ, ոչինչ չի լուծվելու»:
Սա ընդամենը կարճաժամկետ կառավարություն է լինելու՝ մինչեւ խորհրդարանական նոր ընտրությունները: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ակնհայտ է՝ խորհրդարանական ընտրություններն էլ անցնելու են այնպես, ինչպես մնացածը. «Նախօրեի ՏԻՄ ընտրություններն էլ ձեզ՝ որպես կրծքանշան իմ ասածի: Ովքեր այդ ընտրությունները կազմակերպել ու անցկացրել են, իրենք պետք է իրենց փայաբաժինը ստանան իշխանության մեջ, եւ դրա համար ես կարծում եմ, որ նախկին կառավարության անդամները դեռ վերադառնալու են: Կամ իրենք բարձր պաշտոններում նորից կնշանակվեն, կամ իրենց հարազատները՝ ժառանգականության սկզբունքով, կամ իրենց կողմից նշանակված անձինք: Դրա համար չգիտեմ ում համար են լավ այս փոփոխությունները եւ հույսեր են կապում, ինձ համար ակնհայտ է այն մեթոդաբանությունը, որ մինչեւ խորհրդարանական ընտրություններ իրավիճակ են ուզում փոխել»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, եթե նոր վարչապետն ասում է, որ իրավիճակը շատ վատ է տնտեսությունում, պիտի շարունակությունն էլ ասեր. «Պիտի ասեր՝ ա՛յ պատգամավորներ, ա՛յ Սերժ Սարգսյան, մինչեւ հիմա ժողովրդին խաբել եք, ասել եք լավ է վիճակը, պիտի պատասխանատվություն կրեք, արտահերթ ընտրություններ նշանակեք, որ նորմալ իշխանություն գա, որը ժողովրդին չի խաբի, տնտեսությունն էլ էս վիճակին չի լինի: Բայց չի ասում, կախարդական փայտիկի մասին է խոսում: Աշխարհի շատ երկրներ ցույց են տվել թե կախարդական փայտիկը որն է՝ արդար դատական համակարգ, նորմալ իշխանություն՝ համեմատաբար չկոռումպացված, ազատ շուկայական տնտեսություն՝ վերջ: Ուրիշ կախարդական փայտիկ չեն հորինել: Սինգապուրն էլ է այդպես կառուցվել, մյուս զարգացած երկրներն էլ: Իսկ մենք հիմա ընդամենը գեղեցիկ շոուներ կանենք, շատ լավ ծխածածկույթ կապահովենք՝ մանավանդ, որ հիմա հատուկ միջոցները մեզ մոտ շատացել են՝ արցունքաբեր գազերը ծխարձակող, աղքատ երկրում հրավառություններ էլ ենք շատ անում: Դրա համար այդ ծուխը շատ կլինի ու վերջ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ նոր նշանակումները վկայում են, որ Կարեն Կարապետյանի կառավարությունում բերեցին ոչ թե հայտնի մարդկանց, այլ ոլորտի մասնագետների՝ Արմեն Դարբինյանի ոճով, դա լա՞վ է, թե՞ վատ է՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Արմեն Դարբինյանի կառավարությունից հետո Հայաստանն ի՞նչ վիճակում է, ինչքա՞ն տեւեց Դարբինյանի կառավարությունը: Աշխարհում պրոֆեսիոնալ կառավարություն գոյություն չունի: Կա ընտրություններով ձեւավորված իշխանություն, որը կառավարություն է ձեւավորում եւ պատասխանատվություն է վերցնում՝ վե՛րջ: Պրոֆեսիոնալներն այլ ոլորտում են աշխատում, իսկ կառավարությունը քաղաքական որոշումներ են: Այդ լոլոները, հեքիաթները, թե պրոֆեսիոնալներ կառավարություն է.. այդ պրոֆեսիոնալները գալու են, անելու են այն, ինչ նախորդները եւ սվաղելու են գնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ