«ԱՐՏ PR» ընկերության նախաձեռնությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 23-30-ը՝ Երեւանի Կալենցի թանգարանում, հոկտեմբերի 5-25-ը` Գյումրիի «Ստիլ» ցուցասրահում եւ նոյեմբերի 1-25-ը՝ Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կբացվի «Կենսահաստատման երկիր» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառումը նվիրված է Անկախության 25-ամյակին:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «ԱՐՏ PR» ընկերության նախագահ Գայանե Դավթյանը, միջոցառմանը մասնակցում են 43 ժամանակակից արվեստագետներ, այդ թվում` Վահան Ռումելյսնը, Մոկո Խաչատրյանը, Արման Գրիգորյանը, Արմեն Հայաստանցին, Գրիգոր Խաչատրյանը, Վահագն Ղուկասյանը, Արեւիկ Արետշատյանը:
Ցուցահանդեսի կազմակերպչի ձեւակերպմամբ, թվում էր, թե Անկախության շրջանում ընթացող ինչ-ինչ գործընթացների արդյունքում արվեստը չի զարգանա, անկում կապրի, ճիշտ հակառակը եղավ: «Այսօր ունենք այն ժամանակակից արվեստը, որ ստեղվել է անկախության 25 տարիներին, ու հայաստանյան մոդեռնիզմը մրցունակ է համաշխարհային մոդեռն արվեստի համատեքստում»,-վստահ է Գայանե Դավթյանը:
Նրա խոսքերով, նախագիծը բացառիկ է այնքանով, որ ներկայացված բոլոր գործերը ստեղծված են հատուկ այս նախագծի համար, եւ ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում ապրող արվեստագետները։
Կարդացեք նաև
«Արվեստասեր հասարակության համար այս ցուցադրությունն, իրոք իսկական տոնական նվեր է։ Ավանգարդ, աբստրակտ, պոպարտ, վիդեոարտ, քանդակներ և օբյեկտեր, հայաստանյան ժամանակակից արվեստը ներկայանալու է իր ողջ հմայքով»- հավելում է Գայանե Դավթյանը։
Ի միջիայլոց, սա երրորդ ցուցահանդեսն է, եւ 5-րդ նախագիծը՝ «ԱՐՏ PR» -ի երկամյա տարեգրության մեջ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ