Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանում երիտասարդը դանակի 2 հարված է հասցրել իր կնոջ քեռուն: Դանակահարողը ծննդով Լոռու մարզի Օձուն գյուղից է,նա ընտանիքով բնակվում է Թումանյան կայարանում: Ըստ իրավապահներից ստացված տեղեկություների՝ երիտասարդի զոքանչը եւ քեռին, ովքեր սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչներ են, իմանալով, որ փեսայի ընտանիքում անհաշտ մթնոլորտ է, իրենց աղջկան եւ թոռնիկին տեղափոխել են հորական տուն՝ Կոթի: Սա հարուցել է երիտասարդի զայրութը, դարձել դանակահարության պատճառ:
Իրավապահներից տեղեկացանք, որ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, նա հաշտվել է կնոջ բարեկամների հետ, երկուստեք գիտակցում են, որ երիտասարդ ընտանիքը չպետք է քայքայվի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ դանակահարվածի վիճակը կայուն է:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում նախաքննություն է կատարվում, դրա ավարտին կտրվի դեպքի իրավական գնահատական:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև