Վանաձորում, Գյումրիում եւ Սիսիանում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բոլոր ընտրատեղամասերում ներկայացված է լինելու իր վստահված անձանցով: Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոն»-ում լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը:
«Խոշոր համայնքներում ընտրությունն ավելի քաղաքականացված է: Սա հույս է տալիս կարծելու, որ այդ քաղաքներում ի վերջո ընդդիմությունը կհաղթի, եւ այդ քաղաքները կվերակառուցվեն: Վանաձորում եւ Գյումրիում վերջերս իշխանության նախաձեռնությունները տապալվում են` ընտրություններում պարտվելու տեսքով: Այստեղ ընդդիմադիր ուժերի հնարավորությունները մեծ են»,-նշեց նա:
Դավիթ Խաժակյանն անդրադարձավ նաեւ վերջերս իշխանության եւ ընդդիմության միջեւ ԸՕ շուրջ ստորագրված համաձայնագրին. «Ցուցակների հրապարակումը եւ ընտրությունների օնլայն հեռարձակումը որպես կանխարգելիչ միջոց, անշուշտ, առաջընթաց են եւ կարեւոր վերահսկողական մեխանիզմներ: Բայց 2017թվականին ունենալու ենք այլ ընտրական համակարգ, որը խեղաթյուրված մեծամասնական համակարգ է: Մտավախություն ունեմ` եթե այսպես շարունակվի, անօրինական ուժային կենտրոնների միջոցով հնարավոր է ընտրություն անցկացնել առանց տեղամասում կատարվող կեղծիքների: Տեղամասից դուրս այն, ինչ կատարվում է, շարունակվելու է: Ստացվում է` այն մարդիկ, որոնք որպես թաղային հեղինակություններ նախկինում ընտրվում էին խախտումներով, այժմ այս համակարգի միջոցով գործող իշխանության համար ապահովելու են մեծամասնություն: Սա պետք է դրվեր իշխանություն-ընդդիմություն բանակցությունների հիմքում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Լուսավոր Հայաստանի» «ֆեյսբուքյան» էջից