Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյանը մեկնաբանում է, թե Կարեն Կարապետյանը ինչ նկատի ուներ տնտեսության ծանր վիճակ ասելով

Սեպտեմբեր 20,2016 16:23

Aravot.am-ի հարցին, թե օրեր առաջ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, ի՞նչ կասեք այս առիթով, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնում այսօր վերանշանակված Վաչե Գաբրիելյանն ասաց. «Կարծում եմ, որ թեզն ավելի մանրամասն կբացվի: Իմ տրամաբանությամբ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է, եւ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ հետագա աճի ապահովման համար, խոսքը չի  վերաբերում, որ տնտեսական աճ չի եղել, որ թվերն իրական չեն, խոսքը վերաբերում է տնտեսական զարգացման այն մոդելին, որն առկա էր, եւ հարկ է նոր մոտեցում, որը շուտով կշարադրվի վարչապետի կողմից»:
Մեր ճշտող հարցին, թե իրո՞ք ծանր վիճակում է մեր տնտեսությունը, պարոն Գաբրիելյանն ասա՝ զարգացման հեռանկարների տեսակետից, եթե մենք անդրադառնում ենք այն ռեսուրսին, որը կա զարգացման համար, ապա վիճակը ծանր է:
Վաչե Գաբրիելյանը մասնակցում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողվին:
Այն դիտարկմանը, թե տարեցտարի ներդրումները նվազում են, ինչի մասին խոսեց նաեւ Կարեն Կարապետյանը, պարոն Գաբրիելյանն ասաց, որ վարչապետի հնչեցրած միտքը հետեւայալն էր. «Անհրաժեշտ է շատ ավելի մեծ քանակությամբ ներդրումներ, ավելի մեծ բացվածություն եւ ներդրումների ներգրավում եւ չեմ կարծում, որ այստեղ այդ տեսակետից կա հակասություն, խոսքը գնում է զարգացման մոդելի եւ առկա զարգացման մոդելի եւ նոր զարգացման մոդելի տրամաբանության մասին»:
Այնուհետեւ պարոն Գաբրիելյանը պարզաբանեց. «Հայաստանի Հանրապետության շուկան երբեւէ այնքան մեծ չի եղել, որ ինքն իր մեծությամբ ներդրումներ գրավի եւ շուկայի վիճակով էապես պայմանավորված լինեն ներդրումները, շատ հաճախ ներդրումներով պայմանավորված է լինում շուկայի վիճակը, դրանք դինամիկ կապի մեջ են եւ տվյալ պարագայում կարծում ենք, որ եթե լինեն աավելի  մեծ քանակությամբ ներդրումներ, ապա դրանից շուկայի վիճակը կլավանա եւ դրա համար կարեւորագույն խնդիրը որ կա, առկա շուկաների օգտագործումն է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրումները պետք է ուղղորդված չլինեն միայն Հայաստանի փոքր շուկայի վրա, այլ ավելի մեծ զարգացման հեռանկարներ ունենան»:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե մի գուցե ներդրումների բացակայության պատճառն ա՞յն է, որ  շատ ոլորտներ, ինչպես հայտնի է, մենաշնորհ ունեն եւ, այսպես ասած, «տերեր»  ունեն եւ նոր գործարարները չեն կարող մուտք գործել այդ ոլորտներ, փոխվարչապետն ասաց, որ կան բազմաթիվ պատճառներ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որոնց մեջ կարող են տեղ գտնել դաշտի որոշակի մոնոպոլ իրավիճակները, որոնք սակայն օրենսդրական չեն. «Այսինքն՝ մենք չունենք օրենքով որեւէ մեկին տրված մենաշնորհ, կա երբ որ կա մենաշնորհային դիրք եւ մենաշնորհային դիրքի չարաշահման խնդիրը արդեն պետք է քննարկել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսակետից»:
Մեկ այլ հարցին էլ, թե վարչապետն իր ելույթում նշեց, որ նորմալ են մենաշնորհները, պարոն Գաբրիելյանն ասաց, որ վարչապետը նկատի է ունեցել, որ փոքր շուկայի պայմաններում մասշտաբի էկոնոմիայի պատճառով շատ հնարավոր է, որ լինեն խոշոր խաղացողներ. «Եթե դուք ունեք խոշոր խաղացողներ, որը որեւէ քանակությամբ արտադրանք տալու համար պետք է ունենա այն արտադրողականությունը, նա պետք է մեծ ծավալ ունենա, դրա համար, եթե դուք փոքր շուկայում եք եւ մեծ խաղացող չեք, շատ դժվար է, որ դուք արտահանում իրականացնեք, քանի որ դուք այն մասշտաբը չունեք, որպեսզի կարողանաք արդյունավետ լինել, սա տնտեսագիտական տեսություն է եւ այս տրամաբանությունն է ասել, կարեւորը որ խոշոր դիրք ունեցողը չչարաշահի իր դիրքը: Նույն Microsoft-ի մենաշնորհը որեւէ մեկը չի վիճարկում, քանի որ դա ընդհակառակը բարձրացնում է արտադրողականությունը, երբ որ բոլորը ծրագրային ապահովմամբ են աշխատում, բայց Microsoft-ին մեղադրում են, երբ որ նա սկսեց չարաշահել: Ասենք 90-ականներին Microsoft-ի ջանքերով մահացավ Ներցքեյ բրաուզերային ընկերությունը, սա չարաշում էր, սրանից վնաս կա, բայց եթե նայենք ընդհանուր առմամբ, որ բոլորն օգտագործում են նույն ապրանքը, որը էապես մեծացնում է բոլորի արտադրողականությունը, դա վնաս չէ: Ես կարծում եմ այս տրամաբանության մեջ էր ասված վարչապետի խոսքը»:
Վաչե Գաբրիելյանը նաեւ անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին: Հարցին, թե ի՞նչ փուլում է իրանական գազի ծավալների դեպի Հայաստան ավելացման եւ դեպի Վրաստան տարածման գործընթացը, փոխվարչապետը պատասխանեց, որ ժամկետներ չի կարող նշել, քանի որ դա չորս երկրների հետ անընդհատ աշխատանքներ են. «Չորս երկրների նախարարները  հանդիպեցին նաեւ Երեւանում, եւ այդ ուղղությամբ աշխատանքները առաջ են գնում, սակայն կան ենթակառուցվածքների եւ հզորությունների խնդիրներ: Մենք հիմա կառուցում ենք Իրան գնացող հոսանքագիծը եւ այդ հոսանքագծով որոշակի բաներ կարող ենք ապահովել: Միայն դրանից հետո ծավալների էական մեծացում կարող է լինել, քանի որ այս պահին ծավալների որոշակի սահմանափակումներ ունենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930