Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Հանդիպմանը ներկա էին նաև Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի բաժնի պատասխանատու Ռաֆայել Հարպազը և Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, հրաժեշտ տալով դեսպանին, իր գնահատանքը փոխանցեց նրան պաշտոնավարման շրջանում ի նպաստ երկու ժողովուրդների կապերի ամրապնդման գործադրած ջանքերի համար:
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ` վստահեցնելով, որ Հայ Եկեղեցու կողմից ամեն ջանք կգործադրվի դրանց առավել սերտացման և արդյունավորման համար: Մասնավոր անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական առնչություններին և ընդհանրություններին` Ամենայն Հայոց Հայրապետը հիշատակեց դեռևս 7-րդ դարում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հաստատումը և երկրում ձևավորված հայկական համայնքը: Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Իսրայելի իշխանություններին համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Նորին Սրբությունը նաև ցավով խոսեց անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, անդրադարձ կատարեց Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված ջերմ բարեկամությանը:
Կարդացեք նաև
Իր հերթին դեսպան Շմուել Մեիրոմը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ուշադրության ու ջերմ ընդունելության համար և ներկայացրեց իր գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:
Հանդիպման վերջում իր բարեմաղթանքներն ուղղելով պրն. Շմուել Մեիրոմին` Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ դեսպանը կշարունակի իր նպաստը բերել հայ-իսրայելական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի