Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերի երեխաները վարպետության դասեր են անցել «Անկախության սերունդ» նախագծի շրջանակներում

Սեպտեմբեր 20,2016 14:20

«Անկախության սերունդ» նախագծի շրջանակներում սեպտեմբեր ամսին կազմակերպվել են մարզերի երաժշտական դպրոցների սաների այցելություններ Երևան։ Այստեղ նրանք վարպետության դասեր են անցել Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում։ Մարզաբնակ պատանի երաժիշտների հետ պարապմունքներ են ունեցել ինչպես Չայկովսկու անվան դպրոցի փորձառու ուսուցիչները, այնպես էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լավագույն պրոֆեսորները։

Վարպետության դասեր անցկացնող մասնագետները ողջունում են նման նախաձեռնությունը, քանի որ այն ուշադրության կենտրոնում է պահում երաժշտական կրթությունը, մարզերի երաժշտական դպրոցներում սովորող երեխաների վարպետությունը կատարելագործելու հնարավորություն է ստեղծվում։ Ընդ որում, նրանք նկատում են, որ նման միջոցառումները պետք է շարունակական ու պարբերաբար լինեն։ Մասնագետները նշում են նաև, որ մարզերի երաժշտական դպրոցներում կան շատ լավ պատրաստված երաժիշտներ։ Երեխաներն ունեն լավ հիմք։ Եվ նման դասերի միջոցով հարստացվում են նրանց երաժշտական գիտելիքները։

dasakan1

Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը շեշտում է այս նախագծի և վարպետության դասերի հոգեբանական կողմը։ «Շատ տարողունակ ծրագիր է։ Այն մեծապես քաջալերում է մարզերի երեխաներին։ Այն ամենը, ինչ կատարվեց ամռան երեք ամիսների ընթացքում, մեծ, շատ մեծ խթան կլինի ակադեմիական երաժշտության, մասնավորապես, կատարողական արվեստի զարգացման գործում։ Ես շփվել եմ այդ երեխաների հետ. երաժշտությունը նրանց համար զբաղմունք էր, կարծում եմ՝ այսուհետև երաժշտությունը նրանց համար դարձել է նաև ապրելակերպ»,- ասաց կոնսերվատորիայի ռեկտորը։

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը բարձր է գնահատում ինչպես «Անկախության սերունդ»  նախագիծը, այնպես էլ նրա շրջանակներում անցկացված վարպետության դասերը։ «Դրանք ոգևորում են երեխաներին, երաժշտի նախնական պատրաստվածության համար վարպետության դասերն ամեն ինչ են»,- ասում է Չայկովսկու անվան դպրոցի տնօրենը՝ ավելացնելով, որ մարզերի երեխաների մեջ շատ են հեռանկարային երաժիշտները։

Պատանի երաժիշտներն էլ, որ ամենայն պատասխանատվությամբ էին վերաբերվում դասերին, ասում էին, որ դրանք սպասված են ու շատ ուսանելի, Երևանում ստացած խորհուրդներն էլ անպայման կկիրառեն իրենց հետագա ուսումնառության ընթացքում։

Սամվել Ստեփանյանն Արմավիրի մարզից է, երաժշտական դպրոցի 3-րդ դասարանում է սովորում։ Հինգ տարի է՝ կլարնետ է նվագում։ Սամվելն ասում է, որ երբեք չէր մտածի, որ նման հնարավորություն կընձեռվի իրեն, երևանյան մասնագետների մոտ մեծ գիտելիքներ է ստանում ու հարստացնում այն, ինչ արդեն ուսանել է իր գյուղի դպրոցում։

Կարեն Հովհաննիսյանն էլ Արագածոտնի մարզի Ուջան գյուղից է։ 11-ամյա պատանին գալարափող է նվագում։ Իր ընտանիքում միակը չէ, որ այս գործիքին է տիրապետում, եղբայրը նույնպես գալարափող է նվագում։ Կարենն ավագ եղբոր միջոցով է ծանոթացել այս գործիքի հետ ու սիրել այն։ Ընդ որում, Ուջանի երաժշտական դպրոցից Երևան վարպետության դասերի էին եկել երեք գալարափողահարներ։

Նշենք, որ «Անկախության սերունդ» նախագծի շրջանակներում անցկացված վարպետության դասերն ընդգրկել են հանրապետության 7 մարզի (Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Արարատ, Տավուշ) ավելի քան 300 ներկայացուցչի։ Վարպետության դասեր են առել նաև Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երաժշտական դպրոցների սաները։

«Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպություն հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930