Սեպտեմբերի 18-ին ՀՀ հինգ մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Քաղաքացի-դիտորդ» կազմակերպության դիտորդներից 105 դիմում-բողոք եւ ընտրախախտումների մասին 130 ահազանգ է ստացվել: Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոնում» լրագրողներին հայտնեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ ավագ իրավախորհրդատու, «Քաղաքացի-դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նրա բնորոշմամբ` բողոքները հիմնականում «ծանր» տեսակի ընտրախախտումներին են վերաբերում.
«Բացահայտվեցին բոլոր այն խախտումների միջոցները, որոնք օգտագործվում են համապետական ընտրությունների ժամանակ` կենտրոնական իշխանության աջակցության միջոցով: Դրանք են` այլ անձանց փոխարեն քվեարկություններ, չսահմանված նմուշի ծրարի եւ քվեաթերթիկի օգտագործում, ուղղորդումներ, վերահսկողություն, ոստիկանության կողմից վերահսկողություն քվեարկության ընթացքի վրա: Բացի այն, որ որեւէ մեկը հանձնաժողովի անդամի օգնությամբ քվեարկել է այլ անձի փոխարեն, հանձնաժողովը հաջորդող խախտումների միջոցով փորձում է քողարկել նախորդ խախտումը: Այն անձին, ում փոխարեն քվեարկել են, փորձում էին համոզել քվեարկել այլ անձի փոխարեն: Իրականում դա եւս քրեորեն պատժելի արարք է»:
Ըստ Տիգրան Եգորյանի` կազմակերպության ձեռք բերած ապացույցները բավարար են` հաստատելու համար, որ նշյալ կերպ խախտումները քողարկելու ցուցումը հանձնաժողովների նախագահներին տվել է ԿԸՀ-ն. «Թեեւ ԿԸՀ-ն հերքում է դա: Սա նշանակում է, որ խախտումների քողարկման եւ թողտվության պատասխանատուն ԿԸՀ-ն է: Սա հստակ ցուցիչ է նրա, որ իշխանության համար չափազանց կարեւոր են տեղական օղակները, որովհետեւ համապետական ընտրությունների ժամանակ դրանք են հանդիսանալու ընտրակեղծարարության մեխանիզմի հենարանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Մեդիա Կենտրոն»-ի