Աշխարհի ոչ մի երկրում՝ անգամ տարածքով անհամեմատ մեծ ու տնտեսապես անհամեմատ ավելի զարգացած, օլիմպիական չեմպիոններին ու մեդալակիրներին, հավաքականների ու անձնական մարզիչներին, թերեւս, այնպես չեն մեծարում, ինչպես Հայաստանում:
Դա ակնհայտ երեւաց Ազգային օպերային թատրոնում կայացած մեծարման ու պարգեւատրման արարողության ժամանակ, որտեղ պետական պարգեւների, նյութական եւ դրամական խրախուսանքների պակաս չզգացվեց:
Նախ՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռիոյի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանին եւ արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, որին ամբողջ հայությունը ընդունում է որպես Ռիոյում օլիմպիական խաղերի իրական չեմպիոն, մոտ $1 միլիոն արժողությամբ 300 քմ տարածք ունեցող շքեղ բնակարան նվիրեց Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող էլիտար շենքում:
Գագիկ Ծառուկյանը չորս սենյականոց բնակարաններ նվիրեց նաեւ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին (Գյումրիում), ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Երեւանում): Գոռ Մինասյանը եւ օլիմպիական արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը ՀԱՕԿ-ի կողմից արժանացան նաեւ 30-ական միլիոն դրամ խրախուսական պարգեւի:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին եւ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանին տրվեց 10 մլն-ական դրամ, ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին, մարզիչներ Աշոտ եւ Հակոբ Փիլոսյաններին՝ 5 մլն-ական դրամ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար մարզաշխարհի մի շարք գործիչների պետական բարձր պարգեւներ շնորհեց. Գագիկ Ծառուկյանին՝ Պատվո նշան, Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշան, Գոռ Մինասյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ, Գեւորգ Ալեքսանյանին եւ Սամվել Գեւորգյանին՝ Մովսես Խորենացու մեդալ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, ՀԸՖ 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանին եւ Լեւոն Ջուլֆալակյանին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ, Փաշիկ Ալավերդյանին, Աշոտ եւ Հակոբ Փիլոսյաններին՝ Երախտագիտության մեդալ:
Մեծարման երեկոյին դատարկաձեռն չէր ներկայացել նաեւ գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության նախագահ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: Նրա անունից հայտարարվեց, որ Արթուր Ալեքսանյանը եւ Միհրան Հարությունյանը կպարգեւատրվեն, համապատասխանաբար, $100 եւ 90 հազարով, իսկ օլիմպիական արծաթե մեդալ նվաճած ծանրորդները՝ $30 հազարականով: Նրանց պարգեւատրությունը կկայանա ավելի ուշ՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի միջոցառման ժամանակ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.09.2016թ.