«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
– Որտե՞ղ ենք կանգ առնելու ու ճանապարհը գտնելու, կարո՞ղ են խորհրդարանական ընտրությունները շրջադարձային դառնալ։
– Ես կարծում եմ՝ ապրիլյան պատերազմն այն կետն էր, ուր կանգ առանք։ Կանգ առավ ոչ միայն հասարակության այն շերտը, որ Պուտինին ու Լուկաշենկոյին էր սիրում, նաև Պուտինին ու Լուկաշենկոյին սիրող իշխանությունները։ Նրանք հասկացան, որ ականապատ է այն դաշտը, ուր իրենք մտան, հասկացան, որ բոլոր այդ երկրները այլ նյութական շահեր ունեն տեսնելով, թե քառօրյա պատերազմի ժամանակ «հարազատ» Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը ինչպես պահեցին իրենց։ Ինչպես պահեց իրեն ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։ Սումգայիթյան լռություն էր նրանց լռությունը։ Միայն չորրորդ օրը Կրեմլը խոսեց, այն էլ՝ հօգուտ Բաքվի՝ կասեցնելու հայ զինվորին։ Դա զրոյական կետն էր, որից այն կողմ նույն ուղղությամբ քայլեր անելը դավաճանություն է։ Ես համոզված եմ, որ դա հասկացած բոլոր քաղաքական ուժերը պիտի միավորվեն, պարտադրված են միավորվել առաջընթացի քայլեր անելու։ Համապետական ընտրությունները քաղաքական ճանապարհով լուծում ապահովող միակ միջոցն են, որից միանշանակ օգտվել է պետք։ Վաղուց ժամանակն է մեզ համապատասխանող տեղը գտնելու և ճիշտ քաղաքակրթական ընտրություն անելու։
– Ժողովուրդը պատրա՞ստ է այդ լուծմանը։
Կարդացեք նաև
– Ժողովուրդը փոփոխություններ միշտ է ցանկացել։ Հայ ժողովուրդը հետխորհրդային տարածքի ամենահասուն ժողովուրդն է այդ առումով։ Պատահական չէր, որ 1988-1989-ին առաջինը մենք ոտքի կանգնեցինք։ Նախագահական բոլոր ընտրություններում ժողովուրդը ոտքի է կանգնել այդ փոփոխություններին հասնելու համար։
– Ինչո՞ւ փոփոխություններ չեն լինում։
– Որովհետև ոտքի կանգնելիս ժողովուրդը որոշակի խնդիրներ է ունենում այդ փոփոխությանն իրեն ուղղորդող առաջնորդների հետ, իր սպասելիքներն ու այդ մարդկանց աշխարհաքաղաքական տեսակետները, չարդարացված զգուշավորությունը (հիմնականում Ղարաբաղի հարցում) Ռուսաստանի հետ այդքան խոր կապերի հետևանքով՝ ավելի վատ տնտեսական վիճակում հայտնվելու վախը նրանց կտրում են իրականությունից։ Նախագահի մինչև այս եղած ցանկացած թեկնածու վախեցել է անկախության ճանապարհից, իսկ իրենց հույսի կենտրոն Ռուսաստանը փոփոխություն չի ուզում և ուղղակի պարտադրել է ընդդիմությանը պարտվել՝ ընդդիմության մարտավարությունը իշխանությանը ներկայացնելով, ընդդիմությանը կեղծ խոստումներ տալով, հետո ասելով՝ չկարողացաք ժողովրդին պահել։ Այդ կենտրոնն առաջինն է շնորհավորել իշխանությանը՝ շատ դեպքերում անգամ Արևմուտքի գնահատականին հակառակվելու նպատակադրումով։ Ես համոզված եմ, որ եթե մեր ժողովուրդը հաղթելու լիներ միայն գործող իշխանությանը, վաղուց արդեն հաղթել էր, բայց մեր դիմաց շատ ավելի հզոր ուժ է կանգնած, որը փոփոխություն չի ուզում, որովհետև վախենում է, որ փոփոխության ալիքը կմտնի նաև իր երկիր։ Իսկ այդ ալիքը, ուզեն, թե չուզեն, իրենց երկիր մտնելու է, տա Աստված, որ իրենց փոփոխություն բերողները որպես հաջողված օրինակ ի ցույց դնեն մեզ։
– Հիմա ո՞ւմն է լինելու 21-րդ դարը։
– Միանշանակ մերը։ Անկախությունը մեզ տվեց հպարտություն 20-րդ դարում, 21-րդ դարում արդեն կա անկախության սերունդը, և նրա առաջ իսկապես չկան չբացվող դռներ։
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում