Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժողովուրդը հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ». ԵԿՄ

Սեպտեմբեր 20,2016 11:11

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ երկրապահ հայ ազգ,

Եռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ Անկախության օրվա առթիվ: Պարծանք է եւ հպարտություն` մեր պետությունն արդեն 25 տարեկան է:

Անկախության մեր անցած ճանապարհին մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք պետական սահմանները, ՀՀ եւԱրցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ եւ շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը:

Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր բոլոր սերունդներով և արժանապատվությամբ, որովհետև, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է»:
Մեր ժողովուրդը դժվարությունների, մաքառումների եւ հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը, կարող է ապահովել Արցախի այլեւս անբեկանելի անկախությունը:

Մեր անկախությունը պաշտպանելու նպատակով հենց ընթացող ազատագրական պատերազմի ընթացքում ստեղծեցինք հզոր բանակ: Ես պատիվ եմ ունեցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, պատերազմական տարիների պաշտպանության նախարարներ Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի կողքին մերօրյա պատմության կերտողներից լինել: Հպարտ եմ եւ հավատացած, որ Արցախյան պատերազմում լրջագույն ներդրում ունեցած Սերժ Սարգսյանը, որ այսօր ՀՀ նախագահն ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության նվիրյալ է, հայ ազգի նվիրյալ եւ ավելի է ամրացնելու, ավելի է հզորացնելու մեր պետությունը:

Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային եւ միակամ ու միասնական շարժվի դեպի համահայկական նպատակների իրականացում՝ իր արժանվույն տեղը զբաղեցնելով քաղաքակիրթ մարդկության առաջատարների շարքերում:
Անկախության օրը սրբազնագույն տոն է, մեր ազգային տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:

Միասնականության ամուր հավատով, ու հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի մենք պարտավոր ենք հաղթահարել նաեւ մեզ սպասող բոլոր մարտահրավերները եւ առաջ ընթանալ` ապագան վստահելով նոր սերնդին:
Քսանհինգամյա մեր անկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի:

Տեր կանգնենք մեր անկախությանը, միասնաբար, ազգովի, ողջ ներուժով պահպանենք ձեռքբերածը, հզորացնենք մեր երկիրը եւ վստահաբար փոխանցենք նոր սերնդին: Մեզ համար կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ նաեւ ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը:

Երկրապահի, հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ պետական կառույցների համագործակցությունը, որն ամրագրվում է փոխըմբռնման հուշագրերով` ուղված է այս վեհ առաքելությանը: Մեր հզորությունը մեր միասնության մեջ է։ Դրա հերթական վառ ապացույցն այս տարվա ապրիլյան պատերազմն էր, երբ միասնաբար լռեցրինք դարձյալ Արցախի նկատմամբ ոտնձգություն կատարած թուրք ազերուն: Միասնական հայությունը հուժկու հակահարված տվեց ադրբեջանական լայնամասշտաբ հարձակմանը:

Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ աշխարհասփյուռ հայ ազգին, մեր զինված ուժերին՝ շարքայինից մինչեւ նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար, զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին, եռասերունդ երկրապահին, միշտ մարտունակ արցախահայությանը, եւս անգամ երկրի սահմաններում կանգնած հայ զինվորին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ հարազատ պետության ու ապագայի հանդեպ:
ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս, զորավար                                                   Մանվել Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել