Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջնադարյան Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերականգնումը դառնում է նոր ժամանակների մեգանախագիծ

Սեպտեմբեր 20,2016 11:06

Չինաստանի Սինզյան-Ույգուրյան ինքնավար մարզի կենտրոն Ուրումչի քաղաքում այսօր իր աշխատանքները սկսեց Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացում եւ համագործակցություն» համաժողովը, որի շրջանակներում կազմակերպվել է «Չինաստան-Եվրասիա» 5-րդ էքսպո-ցուցահանդեսը: Այստեղ տաղավարներ ունեին շատ ավելի մեծ տարածաշրջանի երկրներ, քան ենթադրվում էր ցուցահանդեսի անվանումից՝ ասենք, Բրազիլիան, աֆրիկյան պետություններ եւ այլն: Տաղավարներ ունեին նաեւ մեր հարեւանները՝ Վրաստանն, Իրանն ու Ադրբեջանը. վրացիները ներկայացրել էին իրենց «Սապերավի» գինիները: Ցավոք, չհանդիպեցինք հայկական տաղավարի:

Համաժողովի բացման արարողության ընթացքում Չինաստանի առեւտրի փոխնախարար Վանգ Շոուվենը հիշատակեց մեր երկիրը՝ «Հյուսիս Հարավ» ավտոճանապարհի կառուցման առնչությամբ: Խոսեց նաեւ Վրաստանի հետ ազատ առեւտրի շուրջ վարվող բանակցությունների մասին:

Այս համաժողովի ելույթների գլխավոր թեման Չինաստանն ու Ասիայի եւ Եվրոպայի երկրները միջնադարում միացնող Մետաքսի քարավանային ճանապարհին կից պետությունների հետ համագործակցությունն էր՝ շուրջ 30 երկրների հետ այժմ վարվում են բանակցություններ այդ ճանապարհի տնտեսական գոտին վերականգնելու համար, եւ չինացի պաշտոնյաները պատրաստակամություն էին հայտնում աջակցություն ցուցաբերել այն երկրներին, որոնք կընդգրկվեն տվյալ նախագծում:

Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան իր ելույթում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական ներդրումներով վերականգնման համար որակումներ չէր խնայում՝ «մեգանախագիծ», որը քամի կդառնա իրենց առագաստների համար, կոռոգի ցամաքած հունը եւ այլն:

Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիքը ոգեւորությամբ խոսում էր այն մասին, թե ինչ տնտեսական հնարավորություններ ու աշխատատեղեր կբացվեն այս «մետաքսե» ծրագրի շնորհիվ:

hermine-nagdalyanՀամաժողովի բացմանը ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը Մետաքսի ճանապարհը գնահատեց իբրեւ տարբեր ազգերի «ընդհանուր հարստություն», այն վերականգնելու՝ Չինաստանի նախագահի նախաձեռնությունն էլ անվանեց երկուստեք փոխշահավետ համագործակցություն:

«Դեռ Մետաքսե մեծ ճանապարհի ժամանակներում հայկական ապրանքները հայտնի էին չինական շուկայում, իսկ հայկական առեւտրային նավերը հասնում էին մինչեւ Ասիայի արեւմտյան ափերը,- ելույթում ասաց Հերմինե Նաղդալյանը,- Ես խորապես վստահ եմ, որ Մետաքսի ճանապարհի երկրների միջեւ բարեկամական ու ակտիվ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի տնտեսական գոտու կայացման համար»:

Հայաստանի ԱԺ փոխնախագահը նաեւ նշեց, որ թեեւ մեր երկիրը ելք չունի դեպի ծով, սակայն ունի աշխարհագրական շահավետ դիրք. «Այժմ Հայաստանում իրականացվում են մի շարք կարեւոր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքը պետք է դառնա Հայաստանով տրանզիտային փոխադրումների ավելացումը: Հայաստանն ունի ոչ միայն տրանզիտային երկրի առավելություն, այլ նաեւ նշանակալի ներուժ երկկողմանի տնտեսական համագործակցության համար»:

eleonora-malxasyan_jemma-baghdasaryanԻ դեպ, 2015 թվականից արդեն գործում է «Մետաքսի ճանապարհի» հիմնադրամը, որն արդեն իսկ գործընկերային կապեր է հաստատում հնարավոր գործընկերների հետ: Հիմնադրամի ներկայացուցիչը «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատեց, թե Հայաստանն այդ երկրների շարքում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930