Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը՝ ՊԵԿ-ին. «Ասֆալտի կատոկը վերցրել եք, ընկել եք ջանս, հա՞»

Սեպտեմբեր 20,2016 10:57

«Դա «վռանյո» ա, ասեք՝ այ վախկոտներ, պաշտպանվելու ձեւ չի դա: Էդ որ գնացել եք «Գնդեվազ» թռչնաֆաբրիկա, ասում եք՝ գնացինք՝ չէր աշխատում: Աշխատում էր, է՜, ուղղակի դուք գնացել եք առանց ներկայանալու: Ձեզ տնօրենը հարց է տվել՝ ներկայացեք, թույլ տանք մտնեք ներս: Չե՛ք ներկայացել: Ասեիք՝ ՊԵԿ-ից ենք, էլ մի վախացրեք ձեր բառերով: Չեն ներկայացել, տնօրենն էլ ասել է՝ ձեզ համար ֆաբրիկան փակ է: Դրա համար ստուգման թուղթ են տանում, տնօրենին տեղյակ են պահում, նոր են գնում: Օրենքի սահմաններում արձանագրություն պիտի բացած լինեիք: Թազա վարչապետի մոտ պաշտպանվելու ձե՞ւ են գտել»,- «Առավոտի» հետ զրույցում Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանն այսպես բորբոքված արձագանքեց եւ Պետեկամուտների կոմիտեի աշխատանքից բողոքեց, երբ նրանից պարզաբանում խնդրեցինք կոմիտեի տարածած հայտարարության վերաբերյալ:
Բանն այն է, որ Արմենակ Խաչատրյանը երեկ ասուլիս էր հրավիրել եւ ահազանգում էր, որ եթե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե քայլեր չձեռնարկի տեղական արտադրողի իր վերջին ֆաբրիկան փրկելու համար, այն իր մյուս բոլոր ֆաբրիկաների նման սնանկանալու, է եւ ընտանիքի՝ 4 երեխաների հետ արտագաղթելու է երկրից: Ժամանակին Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ ընդունել էր գործարարին, բայց գործնական քայլեր չեն արվել:
Արմենակ Խաչատրյանը պատմեց, որ մի քանի թռչնաֆաբրիկաներ են մտնում իր ընկերության մեջ, այդ թվում՝ «Հավիցա» ընկերությունը, եւ ինքը պահել է 450 աշխատող: Սակայն հիմա 10-15 աշխատողով հազիվ պահում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան. «Բոլոր ֆաբրիկաներս փակ են, 450 աշխատողներս՝ անգործ»: Նա, չդիմանալով մրցակցությանը, ՌԴ-ից է սկսել ձու ներկրել: 2014-ի փոխարժեքի տատանումները, 13 տոկոսով վերցրած դոլարային վարկը վերջնականապես տնտեսվարողին «խեղդել» են:
Գործարարը դժգոհում էր, որ հիմա էլ պետական օղակներից են ճնշում ու ուզում բիզնեսը փակել տալ: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը սկսել է ԶԼՄ-ներով հայտարարել, որ Արմենակ Խաչատրյանն անհայտ ծագման եւ առանց մակնշման ձու է վաճառում:
Գործարարի ասուլիսից անմիջապես հետո Պետեկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենք խախտումներ են հայտնաբերել «Հավիցա» ՍՊԸ-ում: Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը ԵՏՄ-ից ներմուծել է մեծ քանակությամբ հավկիթ եւ տեղականի անվան տակ փորձել է իրացնել շուկայականից անհամեմատ ցածր գներով` անարդար մրցակցային միջավայր ձեւավորելով տեղական արտադրության ոլորտում: ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ «Նոր Զովք» խանութների ցանց է մատակարարվել ձվեր ԳԹՖ՝ Գնդեվազի թռչնաֆաբրիկա մակնշմամբ, մինչդեռ Գնդեվազի թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն չի գործում:
«Առավոտի» հետ զրույցում Արմենակ Խաչատրյանը հերքեց ՊԵԿ-ի հայտարարությունը:
Նա նախ ասաց, որ ինքը 4 ֆաբրիկայի սեփականատեր է. «Արմենը չի վախենում դա ասել, դուք այնքան ճիշտ պահեիք ձեզ, որ Արմենի անունով սաղ ֆաբրիկաները լինեին, ոչ թե ուրիշ մարդկանց անուններով: Դա էլ է ձեզնից գալիս,- դիմելով ՊԵԿ-ին՝ ասաց նա:- Էդ ի՜նչ ձեւ են բռնել, ՊԵԿ-ի պաշտպանվելը, քնա՞ծ էիք, նո՞ր զարթնեցիք: Խայտառակ եք ձեզ անում, թուլացնում եք ձեզ: 2008-ից կանաչ լույս էր, մի ժամվա մեջ կարմիր լույսը վառել եք, ասֆալտի կատոկը վերցրել եք, ընկել եք ջանս, հա՞»:
Տնտեսվարողը պնդում է, որ ինքը ոչ մի խախտում չի արել, երբեք ՌԴ-ից ներկրված ձուն տեղականի անվան տակ չի վաճառել: Նա վստահեցրեց, որ եթե խանութում ԳԹՖ մակնշմամբ ձու են տեսել, դա իրականում Գնդեվազում արտադրված է: Ինչ վերաբերում է առանց մակնշման ձվերին՝ նա պատասխանեց, որ դա խանութում վաճառքի համար չէ, արկղն արդեն մակնշված է, կան բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, եւ արկղով կարող է հանձնում են խմորեղենի արտադրամասին, որն արգելված չէ. «Երբ բոմբաներկա եք գնում, ամեն շոկոլադի հատիկի վրա մակնշվո՞ւմ է կամ մակարոնի ամեն հատիկի վրա մակնշվո՞ւմ է, տուփի ու արկղի վրա է նշվում, չէ՞»:
Նա պատմեց, թե այս օրերին ՊԵԿ-ը ինչպես է սկսել հետապնդել իրեն՝ որպես տնտեսվարողի. «Նոր Զովքին ապրանք ենք տարել, ասում են՝ հաշիվ-ֆակտուրան ինչի՞ է երեկոյան 8-ին գրվել: Բա առաքիչը 8-ին է տարել՝ 8-ին պետք է գրվի, վա՞տ բան ենք անում: Մեր երկրում առաքիչը 24 ժամ էլ է աշխատում, որ իր ընտանիքը պահի: Օրենք կա՞, որ չի կարելի այդ ժամին հաշիվ-ֆակտուրա գրել»:
Գործարարն առաջարկեց՝ հենց վաղը եկեք գնանք Գնդեվազի ֆաբրիկա. «Կտեսնեք, որ այնտեղ հավ կա, ու այդ հավն ածում է: Սննդի տեսչությունը, Ստեփանյանը, հարկայինը բոլորը եկել են, բացել են հատ-հատ արկղերը: Իրենք երեկ չէ առաջին օրը ճղել են բոլոր արկղերը, որ իրավունք ունեի թույլ չտալու: Արկղն արդեն փաթեթավորում է, ու կարող էի մի խմորեղենի ցեխին տալ 100 արկղ: Եթե ես խանութում ձու վաճառեի առանց մակնշման, հիմա դուք ինձ մորթել, քառատել էիք, ձեր տունը շինվի: Սա լուրջ հետապնդում է»:
ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ Արմենակ Խաչատրյանը ցորեն է ներկրել, ու 225 850 կգ-ի ճակատագիրը դեռ անհայտ է, թե ինչ է արել, որովհետեւ «Հավիցա» ՍՊԸ-ի պահեստում այն բացակայել է: Գործարարի խոսքերով՝ «Նոր հաշվապահս զանգեց, ասում է, որ ֆիրմային վաճառվել է, այդ ֆիրմայից զանգել, ասում են՝ կարո՞ղ ենք հաշիվները հետ կանչել: Վախացրել են, պատկերացնո՞ւմ եք»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ է ՊԵԿ-ը այդպես անում, ուրիշ ընկերության շահե՞րն է պաշտպանում, գործարարը պատասխանեց. «Այ ապրեք, դա արդեն թող պատասխանի նախագահի վերահսկողական ծառայությունը, երբ որ իր մոտ Ստեփանյանը «Արաքս» թռչնաֆաբրիկայի անունից հաթաթա է տալիս, թե՝ վատ կլինի»:
Հռիփսիմե  ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930