Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ իշխանությունը վատն է…

Սեպտեմբեր 20,2016 10:06

Այն, որ Հայաստանի քաղաքացիները չեն սիրում իրենց իշխանություններին, դա նորմալ է՝ իշխանությունը հեչ սիրելու բան չի, եւ ոչ միայն Հայաստանում: Փոքր-ինչ ավելի տարօրինակ է, որ մենք չափազանցված պատկերացումներ ունենք «հարեւանի հարսի» մասին («ա՜յ, Վրաստանո՜ւմ»): Բայց առավել հետաքրքիր է, որ իշխանությունների հանդեպ մեր զգացմունքները տարածվում են Հայաստանում ամեն ինչի վրա, նաեւ այնպիսի երեւույթների վրա, որոնք իշխանությունների հետ բացարձակապես կապ չունեն՝ ընդհուպ մինչեւ բնությունը ու եղանակը: Այսինքն՝ մոտավորապես այսպես. քանի որ Հայաստանի իշխանությունները վատն են, ես իրավունք ունեմ «քեֆ անելուց» ապականել մեր գետերն ու դրանց ափերը: Կամ՝ քանի որ իշխանությունները վատն են, հետեւաբար մեր երկրում ամենավատ կլիմայական պայմաններն են՝ ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ:
Էլ ուր մնաց, որ մենք ուրախանանք կամ հպարտանանք որեւէ հասարակական երեւույթով, օրինակ՝ մայրաքաղաքի բարեկարգմամբ: Ես, օրինակ, ուրախանում եմ, որ երբ դուրս եմ գալիս «Հանրապետության հրապարակ» մետրոյի կանգառից եւ գնում եմ դեպի Վարդան Մամիկոնյանի արձան, նախկին բոմժանոցի փոխարեն՝ տեսնում եմ գեղեցիկ պուրակ շատրվաններով, այնուհետեւ նորմալ տոնավաճառ: Երբ Լենինգրադյան փողոցից մի քանի րոպեում լավ ճանապարհով հասնում եմ օդանավակայանի ճանապարհ: Երբ «Երիտասարդական» մետրոյի կողքի անցման մեջ այլեւս քիթս չեմ փակում (հայտնի պատճառներով), այլ տեսնում եմ լուսավոր, ժամանակակից սրճարաններ եւ խանութներ: Գրեթե չեմ կասկածում, որ այս տողերը կարդացողներից շատերը թվարկածս երեւույթների մեջ նույնպես արատներ կտեսնեն կամ կխորանան այն պատճառների մեջ, թե ինչու եմ ես սա գրում (չլինի՞ մեկին գովազդում եմ):
Իշխանություններին ատելու պատճառով մարդիկ չեն ուզում ընկալել, որ դա իրենց գետերն ու ափերն են, իրենց քաղաքն է, իրենց ՊՊԾ գունդը (որի վրա չի կարելի զենքով հարձակվել), իրենց բանակն է, իրենց տանկերը, իրենց հրետանին, «Իսկանդերները», իրենց շքերթն է, իրենց երկրի անկախությունը, իրենց Տոնը: Զորահանդեսի պատրաստությունն, այո, 3 օր անհարմարություններ է պատճառել մեր վարորդներին, նրանցից շատերը 1-2 ժամ մնացել են խցանումների մեջ: Բայց սեւեռվել այդ հանգամանքի վրա, այդ ժամանակավոր անհարմարությունները դարձնել խոսակցության միակ եւ գլխավոր առարկան՝ դա, ինձ թվում է, խոսում է զանգվածային հոգեբանության անառողջ երեւույթների մասին: Մարդիկ մոռանում են, թե ո՛ր իրադարձության համար է այդ զորահանդեսը: Ի վերջո, չեն կարողանում ըմբոշխնել Տոնը, որը կապ չունի ներկա, նախորդ եւ ապագա իշխանությունների հետ:
…Անկախ նրանից՝ փողոցները բաց են, թե փակ, ես քաղաքի կենտրոնում գերադասում եմ տեղափոխվել մետրոյով: Ի դեպ, ես էլ մի բանից բողոքեմ. ինչո՞ւ չկան մետրոյի «մշտական» տոմսեր:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սվետլանա Այվազյան says:

    Համամիտ եմ ամեն ինչին: Բայց մոռանում եք, որ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կանգառից դեպի Վարդան Մամիկոնյանի արձան նախկինում ևս՝ մինչև բոմժանոց դառնալը, եղել է գեղեցիկ պուրակ՝ շատրվաններով:

  2. Ruben says:

    Մշտական բնակչության (բնակիչների՝ Երեւանցիների) բացակայության պատճառով չկան Երեւանի մետրոյի «մշտական» տոմսեր:

  3. Կարո Մելիքյան says:

    Մի բանից էլ ես բողոքեմ. ինչու՞ կանգառներում չկան այն մարշրուտկաների համարները,որոնք կանգնելու էն այդտեղ եւ աշխ.-ի սկիզբը ու վերջը,ինչու չէ ,նաեւ պարբերությունը։ Մնացած պրոբլեմների 99 տոկոսը չնշեմ,պարզապես… տեղի ու ժամանակի հարց է։

  4. Տիգրան says:

    Բայց սեւեռվել այդ հանգամանքի վրա, այդ ժամանակավոր անհարմարությունները դարձնել խոսակցության միակ եւ գլխավոր առարկան՝ դա, ինձ թվում է, խոսում է զանգվածային հոգեբանության անառողջ երեւույթների մասին:

    Տեսնես պատասխանատու կա՞ զանգվածային հոգեբանության անառողջ երեւույթների համար, թե՞ մենք այսպիսի ազգ ենք:

  5. Շատ ավելի Լավատես says:

    Երկար ժամանակ է ականատես եմ լինում, որ Արամի մեջ բնակվում են երկու ես:

    Մեկը , որը հիմնական բնակիչ է – “զանգվածային հոգեբանության անառողջ երեւույթների” կրողն է ու ավելին, իր լծակների միջոցով այն մասսաների մեջ տարածողը:

    Մյուսը, որը շատ հազվադեպ է ելնում “ջրի երես”, այսօրվա հոդվածագիրն է:

  6. Լավատես says:

    Կարծում եմ, ցանկացած կենդանի արարածի գոյության խնդիրը՝ լինի այն մրջյուն, մարդ թե ազգ, դա ներքին թե արտաքին պորտաբույծների գործունեությունն է, այդ պորտաբույծները շատ հոյակապ ընդունում են տեղացիների արտաքինը, արքն ու բարքը, տեղացիներից ավելի տեղացի են իրենց ձեւացնում ու տեղացիների հարցերը լուծում հենց տեղացիների բնում, դա պորտաբույծների կենսակերպն է, եթե նրանք տեղացիներին չճնշեն, իրենք ուրիշի տանը իրենց անկոչ հյուր կզգան: Կարճ ասած՝ ոչ պորտաբույծ մարդու թե ազգի առողջ լինելու գրավականը այն է, երբ սեփական գյուղի քաղաքի հանդեպ սեփականության բնազդն ավելի ուժեղ է մնացած բոլոր բնական բնազդներից ու հենց այդ բնազդի շնորհիվ հաղթանակ տանում անկոչ հյուրերի նկատմամբ: Եթե հաջող կռիվ չտանք պորտաբույծների դեմ, նրանք մեզ կուտեն ու ավելի կհզորանան: Հայ կրոնը պապենական հողն ու ավանդույթները, բարբառն ու այլ առանձնահատկություններ պետք է սրբություն կարգի ու այդ սրբության համար կռիվն էլ սուրբ կռիվ կարգի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930