Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում էր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքի երկարեցման հարցը: Քիչ առաջ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը բավարարել է միջնորդությունը եւ Կարո Եղնուկյանը շարունակելու է կալանքի տակ մնալ` երկու ամիս ժամկետով. «Ընդհանրապես հիմք չկար, ինչ-որ առումով տարօրինակ որոշում էր…:
Ընդհանրապես, որպես կանոն, եթե դատարանները պետք է երկարեցնեն, այդպիսի մանրակրկիտ քննություն չեն իրականացնում` քննիչներին անհարմար իրավիճակի մեջ չեն դնում, որ քննիչներն այդպիսի անհեթեթ պատասխաններ տան…դրանով ավելի թուլանում է դատական ակտի հիմնավորվածությունը: Այս պարագայում հակառակը եղավ: Այսինքն, քննիչը տվեց մեզ համար լավ պատասխաններ, որ կալանքի որեւէ հիմք չկար, բայց դատարանը վերջում կալանքի ժամկետը երկարեցրեց»:
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը. «Ինձ թվում է` այսօրվա դատական նիստը միայն բավարար է` Եվրոպական դատարանում դատական ակտ ստանալու համար»:
Aravot.am-ի նկատառմանը, թե Տիգրան Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ Կարո Եղնուկյանը չի կարող երկար ժամանակ կալանավորված մնալ, փաստաբանը պատասխանեց. «Էլի ինձ թվում է, որ երկար չի կարող մնալ, որովհետեւ ուղղակի այդ «մեքենան» գալիս է, եւ ոչ մի ձեւով չենք կարող դիմացն առնենք: Ակնհայտ անարդարություն է: Իմ կարծիքով` ոչ թե անարդարություն է, այլ հանցագործություն է: Հանցագործություն է` նախ, որ այսպիսի միջնորդություններ գալիս են դատարան: Դատարաններն, ըստ էության, վերածվել են նոտարների: Ասեն դատարան` այս դատարանի՞ն…ինձ թվում է` դատարանի համար արդեն մեծ ճոխություն է: Դատարաններն այսպիսի դատական ակտ չեն կայացնում: Դատարանները ուղղակի որպես նոտարներ` հաստատում են քննիչների անօրինական որոշումները»:
Կարդացեք նաև
Տիգրան Հայրապետյանը հայտնեց նաեւ` Կարո Եղնուկյանն ասել է, որ փաստորեն դատական նիստի առաջին մասը թատերական ներկայացում էր, որովհետեւ առաջին մասում ներկայացումն այն ուղղությամբ էր, որ վերջնամասը բոլորովին այլ ուղղությամբ պետք է լինի: Բայց եղավ այն, ինչ միշտ լինում է. «Սկզբում էր սպասելի, բայց դատական քննությունից հետո սպասելի չէր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ