Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ստվարանում է մահապատիժը վերականգնելու կողմնակիցների բանակը

Սեպտեմբեր 19,2016 20:30

2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի իշխանություններն սկսեցին քննարկել, թե ինչ պատժի պետք է ենթարկվեն հեղաշրջման փորձի գործով ձերբակալվածներն ու հատկապես նրանց պարագլուխները։ Այս քննարկումների պատճառը, ինչպես կարող է թվալ, ամենևին էլ Թուրքիայի արդարադատության համակարգի թերությունները չեն, պարզապես, հուլիսի 15-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը պարտավոր է բոլորին ի տես խստագույնս պատժել պետական հեղաշրջման փորձ կատարելու հանդգնություն ունեցողներին՝ այդպիսով կանխելով հնարավոր նոր փորձերն ու հասկացնելով բոլորին, որ նման նախաձեռնությունն անընդունելի է էրդողանական Թուրքիայում։

Հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը հասարակության և երկրի քաղաքական ուժերի լայն քննարկումների առարկա դարձրեց Թուրքիայում մահապատժի վերականգնման հարցը։ Քաղաքական բնույթի մահապատիժների թուրքական պատմությունը բավական հարուստ է և արմատավորվել է դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից (բավական է նշել, որ կայսրությունում մահապատժի է ենթարկվել սուլթանից հետո կայսրության երկրորդ մարդը համարվող 40-ից ավելի մեծ վեզիր), իսկ գագաթնակետը համարվում է թերևս 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո՝ 1961թ. նախկին վարչապետ Ադնան Մենդերեսին կախաղան բարձրացնելու դեպքը։

menderes

Թուրքիայում քաղաքական մահապատիժները չեն շրջանցել նաև մեր հայրենակիցներին։ 1982թ. օգոստոսի 7-ին մայրաքաղաք Անկարայի օդանավակայանում իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (A.S.A.L.A) անդամ Լևոն Էքմեքճյանը։ Դատարանը որոշեց մահապատժի ենթարկել Էքմեքճյանին։ Նա կախաղան բարձրացվեց 1983թ հունվարի 28-ին։

ekmekchyan-2-2

Հայաստանի Հանրապետության հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում Հայոց ցեղասպանության խնդրից հետո երկրորդ մեծ խոչընդոտը հատկապես 1970-80-ականներին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ձեռնարկած վրիժառուական գործողություններն են, որոնց հետևանքով զոհվել են մի շարք թուրք դիվանագետներ։ Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառների տեսանկյունից սա վստահաբար շատ ավելի զգայուն թեմա է Թուրքիայի Հանրապետության համար, քան, ասենք, Արցախի հակամարտությունը։ Դիվանագետների հետ կապված սկանդալների կիզակետում, սակայն, թուրքերը հայտնվել են դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներում։ 1902թ. Ռուսական կայսրությունը հյուպատոսություն բացեց Միտրովիցայում (Կոսովո)։ Հյուպատոս նշանակվեց ուկրաինական ծագմամբ արևելագետ, դիվանագետ Գրիգորի Շչերբինան, որը այդ պաշտոնում մնաց շուրջ 10 շաբաթ։ 1903թ. մարտի 18-ին, ալբանական ապստամբության ժամանակ, ցարական կայսրության դիվանագետին մահացու վիրավորում է թուրքական 17-րդ հետևակային գնդի եֆրեյտոր, ծագումով ալբանացի Իբրահիմ բենգ-Հալիդը։ Նա մահանում է 1903թ. մարտի 27-ի լույս 28-ի գիշերը։ Այս դեպքը դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացնում ռուս-թուրքական հարաբերություններում, սակայն ցար Նիկոլայ Երկրորդը գերադասում է չսրել իրավիճակը և հայտարարում է, որ ներում է դիվանագետի սպանությունը։

sherbina

rostkovskiy

Այս դեպքից մի քանի ամիս անց՝ 1903թ. հուլիսի 26-ին, Մակեդոնիայի Բիտոլի քաղաքում դիվանագիտական առաքելություն իրականացնող ցարական Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Ռոստկովսկին չնչին վեճի պատճառով սպանվում է թուրքական ոստիկանության աշխատակցի կողմից. ոստիկանության կողքով անցնելիս ռուս դիվանագետը նկատողություն է անում թուրք ոստիկանին իրեն հավուր պատշաճի չողջունելու համար, որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ փայտով հարվածում նրան, ինչին ի պատասխան՝ ոստիկանը կրակում և սպանում է Ռոստկովսկիին։ Այս դեպքն արդեն կատաղի զայրույթ է առաջացնում ցարական Ռուսաստանում, և Նիկոլայը պահանջում է խստորեն պատժել հանցագործությունն իրականացնողին։ Եվ կրկին օգնության է գալիս մահապատիժը. սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով մահապատժի է ենթարկվում դիվանագետին կրակողն ու նրա ծառայակից ընկերը։ Ընդ որում, ծառայակից ընկերոջը մահապատժի են ենթարկում դեպքին ներկա լինելու և այն չկանխելու մեղադրանքով։ Այս դեպքին անդրադարձել են նաև Էնվեր փաշան ու Քյազըմ Քարաբեքիրը՝ իրենց ինքնակենսագրություններում։

Աղմկահարույց մահապատիժների նմանատիպ օրինակները քիչ չեն Թուրքիայիում, իսկ հուլիսի 15-ից հետո Էրդողանի իշխանությունը դրանց շարունակման լուրջ պահանջ է ձևավորում։ Ընդհանրապես Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումներից հետո անպակաս են եղել անմարդկային պատիժները, բռնաճնշումներն ու սպանությունները։ Զինվորական հաջողված հեղաշրջման ցանկացած դեպքից հետո իշխանության եկածները դաժան հաշվեհարդար են տեսել իրենց նախորդների նկատմամբ, իսկ արտաքին հարաբերություններում եղել են ավելի փակ, անհանդուրժող ու անզիջում։

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջումը ձախողվեց, բայց դրանից հետո տեղի ունեցող գործընթացները նույնանում են այն գործընթացներին, որ տեղի են ունեցել հաջողված հեղաշրջումներից հետո, իսկ Թուրքիայի հրապարակներում չեն դադարում «մահապատիժ ենք պահանջում» վանկարկումները։

Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930