Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարցաքննեց երրորդ տուժողին՝ Արտուշ Սիմոնյանին: Նա տուժել է ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի հետ ունեցած վիճաբանության ու ծեծի արդյունքում:
Արտուշ Սիմոնյանն ասաց՝ չի կարող հիշել դեպքի մանրամասները, նրա հիշելով եղածն էլ ընդամենը քաշքշուկ էր, որը սկսվել էր լսարանում դասի ժամանակ, երբ ինքը շշուկով համակուրսեցուց ինչ-որ բան է հարցրել, Սաֆարյանը դիտողություն է արել, հետո վիճել են: Վնասվածքի՝ շրթունքի պատռվելու հանգամանքներն էլ տուժողը չմտաբերեց, ասաց՝ ձմեռ էր, ճաքել ու արնահոսել է:
Անդրադառնալով Հայկազ Բարսեղյանի սպանությանը՝ տուժողը պատմեց, որ համակուրսեցիներից է իմացել, որ Հայկազին պտտաձողից կախված են գտել, պատճառների մասին էլ չի էլ փորձել ճշտել: Ըստ նրա` «փորձում է դեպքը մոռանալ»:
Տուժողը պատմեց նաեւ, որ դեպքի վերակարգում է եղել օրապահ երկրորդ հարկում, բայց միջանցքում շարժ չի նկատել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ