ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 19-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են մակրոտնտեսական միջավայրի, հարկային ու մաքսային վարչարարության և օրենսդրական խնդիրների վերաբերյալ հարցեր: Նրանք դիտարկել են աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերներով պայմանավորված գործոնների ազդեցությունը եկամուտների հավաքագրման գործընթացի վրա: Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի ընթացքին՝ կոմիտեի նախագահը նշել է, որ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում հարկային մարմիններին բաժին ընկնող մասը շարունակում է աճել՝ պահպանելով վերջին 2 տարիների միտումը:
Կոմիտեի նախագահը Հ. Սամիեիի ուշադրությունը հրավիրել է հարկային եկամուտների հավաքագրման գործընթացում տնտեսական ցուցանիշների ունեցած ազդեցության վրա՝ նկատելով, որ ընթացիկ տարվա եկամուտների աճի վրա ուղղակիորեն չի անդրադարձել ՀՆԱ-ի կառուցվածքում աճ ապահոված ճյուղերի զգալի մասը, ինչպես օրինակ՝ մշակույթի և զվարճությունների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և համանման այլ ոլորտները. «Ստեղծված տնտեսական անբարենպաստ պայմաններից անկախ կոմիտեն կարողացել է հետևողական վարչարարության արդյունքում ապահովել ցուցանիշները՝ առանց ՓՄՁ-ներին վարչարարության թիրախ դիտարկելու: Շեշտը դրվել է խոշոր բիզնեսի նկատմամբ հստակ վարչարարության կիրառման վրա՝ միաժամանակ չխոչընդոտելով նրանց գործունեությանը»: Մասնավորապես, 2015թ. 8 ամիսների ընթացքում 118 խոշոր հարկ վճարող կազմակերպություն, որոնք վճարել են ավելի քան 30 մլն դրամ հարկ, 2016թ. 8 ամիսներին 34 մլրդ դրամով պակաս հարկ են վճարել: Դրանք հիմնականում բանկային, մետաղական հանքարդյունաբերության, էներգահամակարգերի և կապի ոլորտի ընկերություններն են: Մինչդեռ ՊԵԿ-ին հաջողվել է առկա տնտեսական-քաղաքական պայմաններում ոչ միայն լրացնել այդ բացը, այլև ապահովել մուտքերի աճ 2015թ.-ի 8 ամիսների համեմատ:
Հովհաննես Հովսեփյանն ու Հոսսեյն Սամիեիին անդրադարձել են նաև մաքսային եկամուտների նվազման վրա ազդող գործոններին: Մասնավորապես, ԵՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաներն ԱԱՀ-ից ազատելու արդյունքում երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակն էապես նվազել է, որի հետևանքով կատարված վճարումները պակասել են 4.5 մլրդ դրամով: Չնայած դրան՝ կոմիտեին հաջողվել է լրացնել նաև այս գծով անկումը՝ մաքսային վարչարարությունը բարելավելու արդյունքում:
ՊԵԿ նախագահի գնահատմամբ, թեև նշված բոլոր ռիսկերն ազդում են բյուջեի տարեկան կատարողականի վրա, այնուամենայնիվ, կոմիտեն շարունակում է իրավիճակը կանոնակարգել համակարգված գործունեության միջոցով. «Ամեն ինչ անելու ենք՝ արդյունավետ գործունեությամբ և նպատակային վարչարարական միջոցառումներով ապահովելու համար հարկային եկամուտները՝ միաժամանակ բիզնեսի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերելով միահավասար մոտեցում»:
Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիին նկատել է, որ ՊԵԿ-ի առջև բարդ խնդիր է դրված. «Մենք կարող ենք արձանագրել, որ կոմիտեն մեծ ջանքեր է գործադրում՝ նախանշված արդյունքները երաշխավորելու համար: Հուսով ենք՝ բոլոր մտադրությունները հաջողությամբ կիրագործվեն»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին