Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արգելել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին առաջադրվել 2017 թ. նախագահական ընտրություններում: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորուսի հրամանատարի խորհրդականը:
Մեհդի Ֆազելին, որը նախկինում զբաղեցրել է Fars լրատվական գործակալության տնօրենի պաշտոնը, նույն գործակալությանն ասել է, որ Խամենեին ակնհայտորեն դեմ է Ահմադինեժադի թեկնածությանը առաջիկա ընտրություններում:
Ֆազելիի խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդը ցանկանում է կանխել նրա կառավարման «թանկ արժեցած եւ կործանիչ» հետևանքների կրկնությունը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները գրում էին, որ Ահմադինեժադը, որը երկիրը կառավարել է 2005-2013 թթ., պատրաստվում է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին:
Կարդացեք նաև
Իրանում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2017 թ. մայիսի 29-ին: Գործող նախագահ Հասան Ռուհանին, ենթադրվում է, որ կառաջադրվի երկրորդ անգամ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ