Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունից մի քանի դիտարկում

Սեպտեմբեր 19,2016 17:03

Ամեն երկուշաբթի տեղի է ունենում գործակարգավարական խորհրդակցություն, որի ժամանակ համարակալված հսկողականների թեմաների վերաբերյալ զեկույցներ են տալիս համապատասխան ոլորտի պաշտոնյաները: Երևանցիներին եմ ներկայացնում այսօրվա զեկույցներից մի քանի դիտարկում: Հսկողական 3-ը վերաբերում է հասարակական տրանսպորտին:

Քաղաքապետի խորհրդական պարոն Գևորգյանը զեկուցեց, որ որոշ տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի համար նկատողություն են ստացել 7 հոգի, գծանշվել են որոշ փողոցներ ու դրանց մեջ նշեց նաև Բաբաջանյան փողոց, սակայն ո՞ր Բաբաջանյանը, քաղաքապետը չհարցրեց ու չհստակեցրեց, որովհետև ինքս ապրում եմ Մալաթիա-Սեբաստիայի Բաբաջանյան փողոցում, որի գծանշումները վաղուց ջնջված են: Իհարկե, պարոն Մարգարյանին զեկույցը չբավարարեց, որովհետև փաստեց, որ հասարակական տրանսպորտի վիճակը Երևանում ծայրահեղ վատ վիճակում է: Բոլորս էլ գիտենք դա, բայց հետո՞, ե՞րբ կլավանա՝ չասաց:

Թ.8 հսկողականի ժամանակ իրավաբանական վարչության պետ պարոն Առաքելյանը զեկուցեց, թե քանի հոգու և ինչի համար են տուգանել, որոնցից մեկը՝ կանաչապատ տարածքը վնասելու համար: Մտքումս անմիջապես զուգահեռ անցկացրեցի Տիգրան Պետրոսյան փողոցի 35/2 հասցեում կանաչապատ տարածքի՝ կայացած, գեղեցիկ գազոնի վրա քաղաքապետարանի տված շինթույլտվության արդյունքում քանդված 20ք.մ. տարածքը ավերելու փաստը ու ծագեց հարցը, իսկ ո՞վ պիտի տուգանի քաղաքապետարանին՝ կանաչ տարածքը վնասելու շինթույլտվության համար:

Բնական է, կանաչապատ տարածքը վնասելու համար ուրիշին տուգանելու մի՛շտ պատրաստ քաղաքապետարանն ինքն իրեն նույն բանի համար չի՛ տուգանելու, բայց հերթական անգամ հեղինակազրկվելու է: Թ.42 հսկողականի ժամանակ զեկուցվեց քաղաքում շարունակվող կանաչապատման, այգիների մաքրման ու ծառերի ձևավորման աշխատանքների մասին: Կրկին աչքիս առաջ եկավ Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցի գեղեցիկ գազոնի բարբարոսաբար քանդված տեսարանն ու քաղաքապետի տված շինթույլտվությունը: Այնուհետև քաղաքապետը զեկուցողի ուշադրությունը հրավիրեց քաղաքի այգիներում չորացած ծառերի առկայությանը:

Սպասում էի, որ կոնկրետ կնշեր Գևորգ Քոչար փողոցի՝ ԿԸՀ-ի դիմացի չորացած 5 եղևնիները, որոնք լուսանկարել ու նամակով ուղարկել էի իրեն, նշելով, որ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի ու իր կոմունալ բաժնի հանցավոր անտարբերության պատճառով չորացել են տարիներ առաջ տնկված եղևնիները: Ինչպես ամեն երկուշաբթի, այսօր էլ տարբեր ոլորտներում թերացողների մեջ (սեփական եկամուտներ, բազմաբնակարան շենքերի մուտքերի, հարթ տանիքների վերանորոգում) մի քանի անգամ հնչեց Կենտրոնի ղեկավար պարոն Սադոյանի անունն ու քաղաքապետի հերթական զգուշացումն իրեն, բայց ամեն անգամ քաղաքապետը խիստ տոնով ասում է, որ այլևս նկատողությամբ չի սահմանափակվելու:

Իսկ մինչև ե՞րբ է զգուշացնելու՝ հայտնի չէ: Ասածս այն է, որ անեկդոտի «ոջիլի պատմության» նման անընդհատ հիշեցնելու եմ գազոնը քանդելու պատմությունը, որովհետև օրեր առաջ կայացել է «Կանաչ Քաղաք» ծրագրի մեկնարկային հանդիպումը քաղաքապետարանի պաշտոնյաների և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև: Մասնակցել է նաև ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ պարոն Քասարյանը: Ինձ չափազանց մտահոգում է այն հարցը, թե ինչպես է պարոն Քասարյանը մասնակցելու «Կանաչ քաղաք» ծրագրին, եթե հենց ինքն է կանաչ գազոնի վրա առևտրի օբյեկտ սարքելու շինթույլտվությունը տվել: Շատ մտահոգիչ է այս ծրագրի ապագան:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930