«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը աշխարհում 2016» (Freedom in the World 2016) զեկույցը, որը ներկայացնում է 2015 թ. հունվարի մեկից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը աշխարհի 195 երկրներում և 15 վիճելի տարածքներում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Զեկույցը բաժանում է երկրներն ու վիճելի տարածքները երեք խմբի՝ ազատ, մասնակիորեն ազատ և անազատ:
«Ֆրիդոմ Հաուսի» այս զեկույցը, ինչպես և նախկին տարիների հրապարակումները, անդրադարձել է ՀՀ և ԼՂՀ ազատության և ժողովրդավարության միտումներին: Հայաստանը, ըստ այդ զեկույցի, մասնակիորեն ազատ երկիր է: Այն 100 բալանոց համակարգով ստացել է 46 միավոր, ընդ որում 0-ն վատագույն միավորն է, իսկ 100-ը՝ լավագույնը: Հարևան Վրաստանը իր 64 միավորով գրեթե 20 բալով Հայաստանից առաջ է, իսկ Ադրբեջանը՝ իր 16 միավորով դասվել է անազատ երկրների շարքին:
Հարկ է նշել, որ հերթական անգամ Հայաստանը հիշատակվում է որպես Եվրասիական տնտեսական միության ամենաազատ երկիր՝ առաջ անցնելով Ղրղզստանից (38 միավոր), որը ևս դասակարգվել է մասնակիորեն ազատ երկրների շարքին: Բելառուսը, Ղազախստանը և ՌԴ-ն իրենց հերթին բնականաբար դասվել են անազատ երկրների շարքին, ընդ որում Բելառուսի ազատության ցուցանիշը 17 է, Ռուսաստանինը՝ 22, իսկ Ղազախստանինը՝ 24:
Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղի ցուցանիշը Հայաստանից ավելի ցածր է՝ 33 միավոր, սակայն այն ևս մասնակիորեն ազատ կարգավիճակ ունի: Ավելին՝ ԼՂՀ-ն իր ազատության աստիճանով, համաձայն զեկույցի ավելի վատ վճակում է, քան Աբխազիան (42 միավոր), բայց ավելի լավ` քան հետսովետական մյուս չճանաչված հանրապետություններն ու վիճելի տարածքները: Հարավային Օսիան 11 միավորով, Տրանսնիստրիան (Պրեդնեստրովիան) 24, իսկ Ղրիմը՝ 9 միավորով անազատ են համարվում: Այդուհանդերձ, ԼՂՀ-ն դեռ տեղ ունի աճելու, որպեսզի հասնի Սոմալիլենդին (40 միավոր):
Համեմատության համար նշենք, որ Հայաստանն էլ իր հերթին ազատության ցուցանիշով զիճում է, օրինակի համար, Բանգլադեշին (49 միավոր) ու Բուրկինա Ֆասոյին (59 միավոր), իսկ այնպիսի փոքրիկ հետսովետական երկրների հետ, ինչպիսիք են Լիտվան (91 միավոր), Լատվիան (86 միավոր) կամ Էստոնիան (94 միավոր), համեմատության մասին խոսք անգամ չի կարող լինել:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»