Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Ոչ մի հարուստ երկրում ուսուցչին ավտոմեքենա չեն նվիրում»

Սեպտեմբեր 19,2016 15:54

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը  երկու տարի առաջ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով   «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին, կարծիք էր հայտնել, որ լավագույններին ավտոմեքենա նվիրելով՝ չպետք է հարցն ավարտված համարել:

Կրթության փորձագետը նշել էր, որ պետական կառավարման տեսակետից ավելի  խելամիտ կլիներ, որ բացի մեքենա նվիրելը, լավագույն ուսուցչի տաղանդը օգտագործվեր կրթական համակարգի զարգացման համար, եւ նման ուսուցիչները գնային մարզեր, ներկայացնեին իրենց փորձը, օգնեին իրենց գործընկերներին:
Կրթության փորձագետն արդեն առաջընթաց է տեսնում, ասում է՝ օրերս ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հայտարարել է, որ այս տարվանից տարվա լավագույն ուսուցիչը բացի մրցանակ ստանալուց պետք է շրջի մարզերով, սեմինարներ անցկացնի գործընկերների համար:

«Ինձ թվում է՝ դա շատ կարեւոր քայլ է, որովհետեւ մինչեւ հիմա տարվա լավագույն ուսուցիչներն, այսպես ասած՝ իրենց մրցանակները ստացել ու գնացել են տուն: Դրա հետ կապված լիքը հարցեր կարող են առաջանալ, օրինակ, մարդկանց կարող է հետաքրքրել՝ արդյոք լավագո՞ւյնն է ընտրվել եւ երկրորդ, Հայաստանն այն եզակի երկրներից է, որը բավական մեծ  մրցանակ է տալիս մանկավարժին, այսինքն ավտոմեքենա: Ընդ որում, աշխարհի շատ հարուստ երկրներ կան՝ սկսած ԱՄՆ-ից, որ ավելի համեստ մրցանակ են շնորհում, քան Հայաստանը: Այսինքն, եթե մենք նման մեծ մրցանակ տալիս ենք մի անհատի, դրանից պետք է հասարակությունն էլ օգուտ ստանա: Չստացվի, որ ավտոմեքենա շահեցի եւ միայն ինձ համար լավ եղավ, պետք է դրա դիմաց ես որոշակի ծառայություն մատուցեմ իմ գործընկերներին: Հիմա եթե լավագույնը ճանաչված ուսուցիչը գնում է սեմինարների, հասարակությունը կտեսնի այդ ուսուցչի հմտությունները, կպարզվի՝ արդյոք ինքը լա՞վ մանկավարժ է, ասելիք ունի՞: Չէ՞ որ  ի վերջո ինքը 37000 մարդու միջից է ընտրվել: Դա նաեւ հնարավորություն է, որ մանկավարժը իր փորձը փոխանակի մյուսների հետ, մանավանդ ուսուցիչները միմյանցից  ավելի լավ են սովորում, քան վերապատրաստողներից ու տարբեր փորձագետներից»,-Aravot.am-ին ասաց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետի ձեւակերպմամբ, դա նաեւ կանխարգելիչ  նշանակություն կունենա, եւ ուսուցիչները տեսնեն, որ հաղթելուց հետո պետք է գնան սեմինարներ անցկացնելու ու մարզերում իրենց մասնագիտական փորձը փոխանցելու, ամեն մեկը չի համարձակվի հավակնել լավագույն ուսուցչի դափնիներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ cyberspaceandtime.com-ից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930