Ապրիլյան պատերազմից հետո էլ սահմանները հսկելու համակարգերը պաշտպանության նախարարությանն առանձնապես չեն հետաքրքրել՝ ասում է այդպիսի սարքեր արտադրող PSI ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը: Այս ընկերությունը եւս այսօր մասնակցում է «Made in Armenia- արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին, որը կազմակերպվել է «Մերիդիան» էքսպո կենտրոնում:
Հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսը կտեւի սեպտեմբերի 19-22-ը: Առավոտյան ՀՀ նախագահը շրջել է տաղավարներով, գործարարներին հարցուփորձ արել: Մեր հարցին, թե՝ նախագահին ներկայացրի՞ք ձեր արտադրանքը, պարոն Գեւորգյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն այդ հատվածով չի անցել: Սակայն, ըստ Սամվել Գեւորգյանի, այդ սարքերի մասին ամենայն մանրամասնությամբ տեղեկացված են պաշտպանության նախարարության պաշտոնյաները. «Մեր մասին գիտի անգամ Սեյրան Օհանյանը, գիտեր Միրզաբեկյանը, որին հեռացրին պաշտոնից: Նրա հետ մի քանի անգամ հանդիպում ենք ունեցել: Մեր մասին շատ լավ գիտեն Գիտությունների ազգային ակադեմիայում: Բաղրամյան պոլիգոնում փորձեր էինք անում սրանից 10 անգամ ավելի քիչ զգայնության սարքերով: Մենք 14 կիլոմետրից թնդանոթի ազդանշանն ենք արձանագրել: Այնտեղ կար մի գեներալ, որը համարյա ծնկեց այդ ազդանշանից հետո»:
Գործարարն ասաց, որ 2008թ. Սինգապուրում եւ աշխարհի մրցույթում մրցանակ են շահել, սակայն երբ իրենց սարքերը Հայաստանում ներկայացրել են նախագահի մրցանակին, պատճառաբանել են, որ այդ սարքերը նախագահի մրցանակին ներկայացնելուն հարմար չեն: «800 ընկերություններից մտել էինք 5-ի մեջ եւ հետո հաղթեցինք»,- ասաց պաոն Գեւորգյանը:
Ըստ նրա՝ մինչ ապրիլյան պատերազմը ՊՆ-ից հանդիպել եւ սարքերի մասին հարցուփորձ են արել, ասել են, որ պետք են այսպիսի սարքեր, սակայն գումար չունեն: «Մենք ունենք տեխնոլոգիա, որն աշխարհում չկա, բժշկական սենսոր, որը սրտի զարկերն է գրանցում: «Սամսունգը» մեզ հետ բանակցում էր, սակայն մենք հրաժարվեցինք, որովհետեւ նա ուզում էր վերցնել գաղափարը»,- ասաց պարոն Գեւորգյանը, որի համոզմամբ՝ այս սարքերը կարող են մեր երկիր բերել հարյուրավոր միլիոն դոլարներ, եթե կառավարությունը ներդնի 10 մլն ԱՄՆ դոլար:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսում A2 ընկերությունն էլ ներկայացնում էր իր արտադրանքը՝ էլեկտրաէներգիայի, գազի հաշվիչներ: Տեղական շուկայում դրանք պահանջարկ ունեն, իսկ գազի հաշվիչները նույնիսկ արտահանվում են: Ընկերության տեխնիկական գծով տնօրեն Ալեքսանդր Հարությունյանը հույս ունի, որ նաեւ էլեկտրաէներգիայի հաշվիչները կարտահանեն: Նա ասաց, որ իրենց հաշվիչների գները ներկրվածներից ավելի մատչելի են: Նրանց հիմնական սպառողներից մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է:
Տրիկոտաժ արտադրող «Տոսպ» ընկերության արտադրանքը նույնպես հետաքրքրություն է առաջացրել արտերկրում: Ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ օրինակ՝ ԱՄՆ-ում իրենց արտադրանքը սպառում են ծերանոցները: Սլովենիան նույնպես հետաքրքրված է այս ընկերության արտադրանքով:
Էքսպոյին մասնակցում են 300-ից ավելի հայկական արտադրողներ՝ դեղագործության, պլաստմասե իրերի, ալկոհոլային խմիչքների եւ հյութերի արտադրության: Տեքստիլագործության եւ այլ ոլորտներում բիզնես ծավալող ընկերությունների ակնկալիքը ցուցահանդեսից մեկն է՝ գտնել սպառողներ եւ արտահանման նոր շուկաներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ