Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գնում եմ էս երկրից». Գործարարը սպառնում է ընտանիքով արտագաղթել, եթե իրեն Կարեն Կարապետյանը չաջակցի

Սեպտեմբեր 19,2016 14:43

Այսօր «Հայելի» ակումբում Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը, որը ներկայումս ՌԴ-ից է ձու ներկրում, պատմեց, թե ինչպես է Հայաստանում փակվել իր բիզնեսը: Ավելին՝ Նա սպառնաց, որ եթե նոր վարչապետ Կարեն Կարապետյանը քայլեր չձեռնարկի՝ տեղական արտադրողներին փրկելու համար, ինքն արտագաղթելու է:

Արմենակ Խաչատրյանը պատմեց, որ մի քանի թռչնաֆաբրիկաներ են մտնում իր ընկերության մեջ՝ «Հավիցա» ընկերությունը եւ այլն, պահել է 450 աշխպատող: Սակայն հիմա 10-15 աշխատողով հազիվ պահում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան. «Բոլոր ֆաբրիկաներս փակ են, 450 աշխատողներս՝ անգործ: Ես ձու եմ ներմուծել, որ լրացնի շուկայի պակասը: Ամռանը ձուն արդեն 30 դրամ էի վաճառում, չէի կարողաում դիմանալ մրցակցությանը, վերջին 50-60 հավն էլ մորթեցի ստիպված»:

Նա ասաց, որ առաքիչ է եղել եւ առաքիչից իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ բիզնես է դրել, ու հիմա սնանկանում են ընկերությունները՝ մեկը մյուսի հետեւից. «2008-ից շուկայում եմ: Առաջին մեծ հարվածը եղավ 2014-ի դեկտեմբերին՝ ինֆլյացիայի ժամանակ: Վարկերը դոլարով են, վարկ ենք վերցրել՝ 13 տոկոսով: Մենք գին չբարձրացրինք: Սկսեցինք ահազանգել պետական ատյաններին: Հին վարչապետը  մի 3 անգամ ընդունեց, էկոնոմիկայի նախրարը, կլոր սեղան եղավ, բանկը եկավ: Բանկն ասաց՝ պետություն, մի քայլ դուք արեք, երեք քայլ ես անեմ, այս վիճակը հանենք: 3 մլն մայր գումար եմ տվել 3 տարում, 3 մլն 200 հազար էլ՝ տոկոս: Այդ պայմաններում աշխատացրել եմ տնտեսությունը: Բայց էլ չստացվեց, չի ստացվում, էլի: Կողքից ուրիշ բիզնես չունեմ, որ իրեն փրկի: Դեկտեմբերի 28-ին արդեն դռները փակվեցին, կողպվեցին, ինչ ճար ունեի՝ արեցի: Հիմա նոր վարչապետը խոստումներ է տալիս, մի հատ էլ իր մոտ եմ ուզում փորձել»:

Մեր հարցին՝ շուկայում բազմաթիվ ընկերություններ են գործում, բա իրենք ինչպե՞ս են կարողանում մրցակցել, դուք՝ ոչ, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց, որ բոլորն էլ դժգոհում են: Նա ասաց, որ հիմա էլ ինքը ձու է ներկրում, բայց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը սկսել է լուրեր տարածել, թե ձու է ներմուծվել՝ անհայտ ծագման, չմակնշված ձու: Նա ասաց, որ ասոցիացիայի նախագահի վրա ճնշումներ են եղել. «Անհայտ ծագումը գիտե՞ք որն է, որ ապօրինի ճանապարհով եկել է, նույնիսկ գրած չի, թե որտեղից է ներկրվել: Նման բան չկա, մենք ազգի դավաճան չենք»:

Մեր հարցին՝ ո՞վ է ճնշումներ գործադրել ասոցիացիայի նախագահի վրա, որ այդպիսի բան ասի, նա պատասխանեց. «Կարող է ֆաբրիկաները»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ձեր տակը փորո՞ւմ են, նա պատասխանեց. «Պիտի հիմք ունենան, որ տակը փորեն, որ թույլ նստած լինենք՝ կարան փորեն: Ասեմ՝ ինչ է կատարվել: Տղաս է մասնակցել, հավաքվել է նախագահի վերահսկողության, ով որ հավն ու ձուն է վերահսկում՝ Ֆիդանյանը, հավաքվել են եւ հարց է բարձրացվել, որ ձու է ներկրվում, այս-այն, Ստեփանյան Սերգեյին էլ երեւի այնքան են ասել՝ նման արտահայտություն է արել: Ես որ բողոքում էի, ինչի՞ մի օր կլոր սեղան չարեցիք: Ձուն, որը ներմուծվում է, որակով է, լաբորատոր բոլոր պատասխանները կան»:

Լրագրողները խնդրեցին տնտեսվարողին կոնկրետ ասել, թե ինչ է պահանջում: Նա ասաց. «Այս պահին պետական աջակցություն եմ ուզում: Ես, եթե հիմա ընթացք չտվեցին, ես գնում եմ էս երկրից՝ իմ ընտանիքով»:

Նա ասաց, որ անկուսակցական է, քաղաքականությամբ չի զբաղվում, բայց դառնում է տնտեսական ընդդիմություն:

Մենք ճշտեցինք՝ եկել եք ասեք, որ եթե չօգնեցիք՝ իմ վրա հույս չդնե՞ք, նա պատասխանեց, որ Արծվիկ Մինասյանի հետ խնդիրը քննարկել է. «Բայց տպավորություն է, ոնց որ խիղճս տանջի, իրենց ձեռքը ոչ մի բան չկա, վերջում գնում են տուպիկի են հանդիպում: Առաջարկել եմ, որ բանակի հավն ու ձուն մատակարարվի, որեւէ երաշխիք, մի բան տան, վերաֆինանսավորենք, նորից աշխատի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչքա՞ն եք մտադիր սպասել, որից հետո սպառնում եք արտագաղթել, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց. «Մինչեւ երկուշաբթի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930