Սեպտեմբերի 13-17-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել են 19 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հասմիկ Ղազարյանը:
«Երիտասարդ առաջնորդներ 2016-2017»-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է ևս 2 ծրագրային հնգօրյակ նոյեմբեր և հունվար ամիսներին:
Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների վերաբերյալ, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրիստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին` ընդգծելով դրանց պրակտիկ կիրառության կարևոր ասպեկտները կոնկրետ քաղաքականություններ վարելիս և որոշումներ կայացնելիս, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել տեղեկատվության և փորձի փոխանակում:
Ծրագրի մեկնարկային փուլի 5 օրերի ընթացքում ներկայացվել են Եվրոպայում առկա հիմնական քաղաքական գաղափարախոսությունները և ժողովրդավարության տարբեր տեսակները, անդրադարձ է կատարվել քաղաքականության մեջ կնոջ դերին, քաղաքական կրթությանը և քաղաքական կառույցների նշանակությանը, երիտասարդները ձեռք են բերել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարելու և հաղորդակցային կիրառական հմտություններ:
Ծրագրի շրջանակներում այցելություն է կատարվել Բուդապեշտի «Ահաբեկչության տուն-թանգարան» (House of Terror), որտեղ ներկայացված է ԽՍՀՄ քաղաքական ազդեցությունը Հունգարիայի պատմության վրա:
Դասընթացային քննարկումների ընթացքում քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները կիսվել են իրենց երկրների փորձով, համեմատականներ են անցկացրել առկա քաղաքական իրավիճակների միջև, անհրաժեշտ գիտելիքներ են ստացել քաղաքական ասպարեզում առավել արդյունավետ և բազմաբևեռ դրսևորման համար: Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ հարցին՝ որպես տարածաշրջանում ժողովրդավարության կայացման գլխավոր մարտահրավերներից մեկի:
Դասընթացների ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը ակտիվ մասնակցություն է ունեցել թե’ անհատական, և թե’ թիմային աշխատանքներում:
Հավելենք, որ ծրագիրն անցկացվում է արդեն 23-րդ անգամ, և «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագրի հաջորդ փուլերը կապված են լինելու միջազգային անվտանգության խնդիրների և սոցիալ-տնտեսական մարտահրավերների հետ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն