Աղավնաձորցիներն այսօր առավոտից պետք է փակեին միջմարզային գլխավոր ճանապարհը, սակայն ոստիկանությունը գյուղացիներից առաջ է ընկել։
Աղավնաձորի բնակիչ Հայկազ Ասատրյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց խնդիրը լուծելու համար պատրաստ են կտրուկ քայլերի, եւ այս անգամ մտադրվել էին փակել գլխավոր ճանապարը, սակայն ոստիկանները խոչընդոտել են, նրանք աղավնաձորցիներից շուտ են տեղում եղել եւ հիմա կանգնած են ճանապարհի երկայնքով եւ թույլ չեն տալիս գյուղացիներին իրենց բողոքի ակցիան անել՝ փակել ճանապարհը։
Հիշեցնենք, որ աղավնաձորցիները փակել են գյուղի դպրոցներն ու մանկապարտեզը, մինչ օրս այս երկու հաստատությունները չեն աշխատում, գյուղացիները պահանջում են անցյալ տարի մթերված իրենց խաղողի բերքի պարտքերը վճարել։ Սակայն «Վեդի Ալկո» ընկերությունը, որն այս գյուղի խաղողի հիմնական մթերողն է եղել, վճարունակ չէ, հսկայական պարտքեր ունի, եւ անգամ նոր վարկ չի կարող ստանալ, որպեսզի մթերման գործընթացը կազմակերպի։ Գյուղացիները կառավարությունից պահանջում են՝ կամ «Վեդի Ալկո»֊ին օգնել, կամ գյուղացիների վարկերը սառեցնել։
«Ամեն անգամ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ու մեր վարկերի տոկոսները գնալով ավելանում են։ Ո՞նց ենք ապրում, ո՞նց ենք ապրելու, ոչ մեկի պետքը չի։ Մեզ չի հետաքրքրում՝ ոնց, բայց կառավարությունը ոնց ուզում ա թող փող ճարի ու մեր պարտքերի հարցը լուծի, մեր վարկերի հարցը լուծի»,֊ասացին գյուղացիները։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 16֊ին էլ գյուղացիները կրկին բողոքի ակցիա էին արել, նրանց հետ հանդիպել էր գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, եւ ըստ էության, որեւէ հուսադրող բան չէր ասել։ Աղավնաձորցիները սպառնում են բողոքի ակցիան տեղափոխել մայրաքաղաք։
Այս պահին Վայոց Ձորով անցնող միջպետական գլխավոր ճանապարհի մոտ հավաքված են աղավնաձորցիները, նրանց հետ հանդիպման է եկել մարզպետ Հարություն Սարգսյանը։ Նա դեռ սեպտեմբերի 1-ին 15 օր ժամանակ էր խնդրել գյուղացիներից, որպեսզի կառավարության ղեկավարին զեկուցեր, խնդրին լուծում գտներ, սակայն, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, նոր վարչապետ նշանակվեց ու հիմա էլ գյուղացիներին հանդարտվելու կոչ են անում, պատճառաբանելով, թե՝ «նոր վարչապետ է եկել, նոր կառավարություն պետք է ձեւավորվի, սպասեք տեսնենք ում են նշանակում, ինչ են որոշում, նոր մի բան կմտածենք»։
Իսկ գյուղացիներին քիչ է հետաքրքրում, թե ում են նշանակելու: Ինչպես աղավնաձորցիներն են ասում՝ «Է՛, մենք սպասենք, իսկ բանկերը կսպասե՞ն, ու հանուն ինչի՞ սպասենք։ Լավ, եթե սպասենք մինչեւ գյուղատնտեսության նախարար նշանակեն, հետո էդ նախարա՞րն ա իմ վարկի տույժերը փակելու, թե՞ վարչապետն ա իրա գրպանից փակելու։ Էլ համբերելու տեղ չունենք։ Ասենք էսօր միլիցեքը չթողեցին ճամփեն փակեն, կարո՞ղ ա վաղն էլ չթողնեն գանք Երեւան, հո չե՞ն փակելու Երեւան եկող ճամփեն»։
Հայկազ Ասատրյանն էլ ասաց, որ իր վարկը կրկնապատկվել է, ամեն օր 5500 դրամ տույժ է ավելանում․ «Էն անգամ էլ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մեզ ասել էր՝ դատի տվեք «Վեդի Ալկոյին»։ Բա հետո՞, որ դատի տանք՝ ի՞նչ, բա էդ դատն էլ տարիներով շարունակվի։ Բայց համ էլ ինչի՞ դատի տանք, էդ մարդն ասում է՝ կառավարությունը ինձ ստիպել է, ես էլ մթերել եմ, ոնց ստիպել է, թող նենց էլ տեր կանգնի։ Հիմա ստացվում է՝ երկու իշխանավոր կռվեցին, ապտակը գյուղացին կերավ։ Սենց չի կարելի, հստակ մի բան թող որոշեն ու մեր պարտքերը տան, մենք էլ սպասելու ժամանակ չունենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ