Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեժ մրցակցություն էր հատկապես խոշորացված Նոյեմբերյան, Կողբ համայնքներում:
Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր: Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցված 7 անձ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը, ով համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ տեղական կազմակերպության խորհրդի որոշմամբ, ընտրությունների արդյունքում ստացել է 2355 ձայն: Անհատ ձեռներեց, անկուսակցական Կարեն Աբազյանը ստացել է 2588 քվե : Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակից, Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը ստացել է 887, Բարեկամավան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը ՝852, Ոսկեպար համայնքի ղեկավար , ՀՀԿ անդամ Երվանգ Եգանյանը ՝ 402, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գարիկ Փիրումյանը՝ 464, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ , անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը՝250 ձայն:
Խոշորացված Կողբ համայնքում, որը միավորում է Կողբ եւ Զորական գյուղերը, առաջադրվել էր համայնքի ղեկավարի 4 թեկնածու: Կողբի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Արամայիս Աբովյանը ստացել է 932, Կողբի նախկին գյուղապետ, անկուսակցական Արսեն Աղաբաբյանը՝ 1248, Զորականի գյուղապետ , ՀՀԿ անդամ Սուրեն Մարտիրոսյանը՝ 506, ՀՀԿ անդամ Գոռ Վանյանը՝ 97 ձայն:
Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած Կարեն Աբազյանը անկուսակցական է, թեկնածու է առաջադրվել ինքնառաջադրմամբ, նա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մտերիմներից է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ