Լրահոս
Օրվա լրահոսը

Կառլեն Խաչատրյան. «Մենաշնորհի դեմ պայքարը կախված է դրա բնույթից»

Սեպտեմբեր 19,2016 12:05

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մենաշնորհների վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Հիշեցնենք, խորհրդարանում իր առաջին ելույթում Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել էր, որ մոնոպոլիաները միշտ չեն վատը, դրանց լավ կամ վատ լինելը  կախված է բնույթից` ինքը բնականո՞ն է, թե՞ չէ. «Շուկան փոքր է, եւ էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, եթե ինքը բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվի` դա մեկ այլ բան է»:

ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ շուկայական հարաբերությունների արմատավորումն ու դրանց զարգացումը առավելապես պայմանավորված է ազատ մրցակցային դաշտի ապահովմամբ: «Բիզնեսի զարգացման տեսանկյունից ամենակարևոր նախապայմանը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է, որն իրականացվում է վարվող տնտեսական քաղաքականության եւ այն սպասարկող իրավական նորմերի միջոցով»,- նշեց տնտեսագետը:

Ըստ բանախոսի՝ հայտնի իրողություն է, որ մենաշնորհները մրցակցության սահմանափակումներ են, եւ հենց դա է պատճառը, որ գրեթե բոլոր երկրները վարում են հակամենաշնորհային քաղաքականություն՝ թույլ չտալով, որպեսզի շուկայում միակը դարձած ընկերությունը գնա չարաշահումների: «Փաստացի մենաշնորհների առաջացման 3 հիմնական ճանապարհ կա: Առաջինը` պետության կողմից քվոտավորումն է, երկրորդը՝ հանցավոր ճանապարհով բիզնեսի պաշտպանությունն ու մոնոպոլ դիրքերի ամրապնդումը, և երրորդը` տնտեսական արդյունավետ կառավարմամբ պայմանավորված մրցակիցների դուրս մղումը շուկայից: Մենաշնորհի դեմ պետությունը կոշտ պայքար է տանում, քանի որ եթե անգամ արդյունավետ կառավարման արդյունքում ընկերությունը կարողացել է որոշակի առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ և նրանց դուրս մեղել շուկայից ու դառնալ շուկայում միակը, այդուհանդերձ միշտ վտանգ կա, որ նա կչարաշահի իր մենաշնորհային դիրքը»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:

Վերջինիս խոսքերով, երբ խոսում ենք մենաշնորհների դեմ պայքարի եւ մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտության մասին, պետք չէ միանգամից պատկերացնել կուլակաթափություն: «Դա ցանկալի էլ չէ: Այստեղ պետությունը պետք է բացառապես տնտեսական լծակներ կիրառի: Տնտեսական քաղաքականության, իրավական նորմերի միջոցով կանոնակարգի խնդիրը, սահմանի հստակ խաղի կանոններ և հետևի դրանց իրականացմանը: Պետք է ընդունել նաև, որ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ շուկան խիստ սահմանափակ է, մենաշնորհի առաջացման հավանականությունը բավական մեծ է: Ամեն դեպքում անհրաժեշտ է կոշտ վարչարարության, հստակ խաղի կանոնների միջոցով ապահովել հավասար պայմանների բոլորի համար»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը հավելեց, որ արդյունավետ կառավարման արդյունքում մենաշնորհային դիրքում հայտնված ընկերությունները պետք է գտնվեն համապատասխան կառույցների վերահսկողության ներք, եւ եթե նրանք խաղի կանոններ չեն խախտել, ապա այս դեպքում պետությունը չպետք է խնդիրներ ստեղծի մենաշնորհ դիրքում գտնվող ընկերության համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը aspu.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930