Երեկ հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում գոհ են: Ավելին, իրենց հաղթանակը ՏԻՄ առաջին փուլի ընտրություններում որակում են «ջախջախիչ»:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պարզաբանեց, որ ԲՀԿ ներկայացուցիչները հաղթանակ են տարել գրեթե բոլոր այն համայնքներում, որտեղ առաջադրվել էին: Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Գետազատ, Խարբերդ, Արբաթ, Ազատաշեն, Հովտաշատ, Արգավանդ եւ այլ համայնքներում հաղթել են ԲՀԿ-ի ե՛ւ գյուղապետի, ե՛ւ ավագանու թեկնածուները: ԲՀԿ-ականները դրական արդյունքներ են գրանցել նաեւ Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Ազատավան, Մասիս, Հնաբերդ եւ Նորաշեն համայնքներում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան համայնքում:
«ԲՀԿ-ն հաղթանակներ է գրանցել բացարձակ առավելությամբ: Իսկ սա մեկ անգամ եւս վկայում է, որ ԲՀԿ-ն կանգնած է իր դիրքերում` իր տարածքային կառույցներով, որ ժողովուրդը վստահում է ԲՀԿ-ն: Սա ես շատ կարեւոր հանգրվանային հաղթանակ եմ համարում`հոկտեմբերի 2-ին, հանրապետության խոշոր համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին եւ առաջիկա`2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Աշտարակ համայնքի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն սատարում էր անկուսակցական թեկնածուի, որը պարտվել է: Աշտարակում ԲՀԿ-ի պարտությունը Միքայել Մելքումյանը պայմանավորում է անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո Աշտարակի ԲՀԿ տարածքային կառաույցում առաջացած խնդիրներով: «Կառույցը նորովի վերակազմակերպելու հարց կա: Մենք նաեւ այս ամենից եզրակացություններ կանենք եւ որոշակի վերադասավորումներ կլինեն»,- ասաց Միքայել Մելքումյանը`հավելելով, որ իր համոզմամբ այս ընտրական փուլը ցույց է տալիս մեկ բան. «ԲՀԿ-ի դիրքերը ոչ միայն ամուր են, այլ է՛լ ավելի ամրանալու են»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ