Երբ սխալի ուղղումը մատուցվում է որպես մեծ նվեր
Հայաստանի Հանրապետական կուսակցության կամոք վարչապետ դարձած Կարեն Կարապետյանը ՀՀ Ազգային ժողովի հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ասաց` Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, իսկ կառավարության առաջին նիստում ասաց, որ գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները, ապահովեն ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը:
Հանրապետական կուսակցությունը իշխանության է արդեն 21 տարի, վերջին 17 տարին` կամ միանձնյա, կամ կոալիցիոն մեծամասնություն: Քննադատական ցանկացած նախադասություն սվիններով ընդունող հանրապետականներից ոչ ոք Կարեն Կարապետյանին չհակադարձեց: Ասել է թե՝ համաձայն են, որ իրենց իշխանության 21 տարին բերել է նրան, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, պետական գերատեսչությունները չեն կատարում կամ լավ չեն կատարում իրենց գործը, կան արտոնյալ արտադրողներ եւ ներկրողներ: 21 տարում երկիրը այս վիճակին հասցրած ՀՀԿ-ն չի էլ մտածում իշխանությունից հեռանալու մասին, բայց եթե Կարեն Կարապետյանը հաջողի շտկել վիճակը, կասեն` ՀՀԿ հմուտ ղեկավարման օրոք: Այնպես, ինչպես հիմա ասում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում հավանության է արժանացել Տարոն Մարգարյանի ներկայացրած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի ընդունման դեպքում ոգելից եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի, հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքի չափերի: Այսօր գործող օրենքով որեւէ տարբերակում չկա մեծ կամ փոքր օբյեկտի միջեւ: Ըստ քաղաքապետարանի հաշվարկների` Երեւանում ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառքի թույլտվություն ունեցող մոտ 4500 օբյեկտից 3000-ի համար տեղական տուրքի չափը կնվազի: «Առաջարկված փոփոխությունը տարիներ շարունակ սպասված է եղել փոքր եւ միջին ձեռնարկատերերի կողմից»,- հպարտ տեղեկացնում է ՀՀԿ մեծամասնությամբ ավագանի ունեցող քաղաքապետարանը:
Կարդացեք նաև
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքն ընդունվել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին եւ մինչ օրս փոփոխվել-լրացվել 21 անգամ: Տարոն Մարգարյանի առաջարկած փոփոխությունը 22-րդն է: Օրենքի շրջանակներում Երեւանի ավագանու որոշումներով հաստատվել են Երեւան քաղաքում տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը: Երբ քաղաքապետ էր Գագիկ Բեգլարյանը, իսկ Տարոն Մարգարյանը նրա տեղակալն էր, քաղաքը գոտիավորվեց ըստ փողոցների, եւ, օրինակ, երկրորդ գոտու փողոց կար եւ Կենտրոնում, եւ ծայրամասային Մալաթիա-Սեբաստիայում: Ստացվեց, որ Կենտրոնի սուպերմարկետն ու ծայրամասի փոքրիկ խանութը ոգելից եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի թույլտվություն ստանալու համար նույն գումարը պիտի վճարեն: Այն ժամանակ փոքրիկ խանութների սեփականատերերն ասացին, որ սխալ, փոքր ու միջին բիզնեսին հարվածող որոշում է կայացվել: Քաղաքապետարանը չլսեց՝ անտարբերություն, անուշադրություն եւ միայն:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով: Ուրեմն երբ Գագիկ Բեգլարյանը հարվածում էր փոքր ու միջին բիզնեսին, Տարոն Մարգարյանը նրա կողքին էր եւ լուռ նայում էր, չէր փորձում մի բան անել: Ու հիմա նրա ղեկավարած քաղաքապետարանը հպարտորեն ասում է, թե հազարավոր ՓՄՁ-ների համար Երեւանում ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառքի թույլտվության գնի նվազման առաջարկը տարիներ շարունակ սպասված է եղել փոքր եւ միջին ձեռնարկատերերի կողմից: Մարդիկ ասում էին՝ մի բարձրացրեք, չլսեցիք, բարձրացրեցիք ու հիմա գլուխ եք գովում, թե` իջեցնում ենք:
Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանում գիտե՞ն, թե այս «խաղերի» արդյունքում ՓՄՁ-ները որքան գումար կորցրին, ո՞վ պիտի փոխհատուցի հանրապետականների սխալ որոշման արդյունքում ՓՄՁ-ների կրած կորուստները, վերջին տարիներին քանի՞ ՓՄՁ է փակվել: Ըստ տարբեր աղբյուրների` ավելի քան 10 հազար: Սրա արդյունքում քանի՞ ընտանիք է արտագաղթել, քանի՞ հայ երեխա է դրսում ծնվել, բանակում չծառայած Տարոն Մարգարյանը գիտի՞, թե սա ինչ հարված է մեր բանակին:
Ստացվում է՝ հանրապետականը` իր տարբեր գործիչների ձեռամբ, նախ կյանքդ անտանելի է դարձնում, շնչելու օդ չես ունենում, հետո փոքրիկ օդանցք է բացում եւ դա ներկայացնում իբրեւ մեծ ընծա: Ու այսպես՝ արդեն 21 տարի:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
17.09.2016
Այ էս վերջին պարբերությամբ ամեն ինչ ասվեց: Այո, ՀՀ իշխանությունները նախ կյանքդ անտանելի են դարձնում, շնչելու օդ չես ունենում, հետո փոքրիկ օդանցք են բացում եւ դա ներկայացնում իբրեւ մեծ ընծա: Ու այսպես՝ միշտ: Պետական տուրք գաղափարը պիտի վերանա Հայաստանում: Պետական տուրք, տեղական վճար..էս կարգի բաներ չպիտի լինեն Հայաստանում: Պետական բյուջեն պիտի լցվի տնտեսվարողի եկամտից: Այլ վճարներ, տուրքեր ՉՊԻՏԻ լինեն: Բայց դե այս կարգի գաղափարներ ասողներին ավելի վատ են վերաբերվում, քան ինկվիզիցան՝ այսպես կոչված հերետիկոսներին: