Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քվեարկե՛ք կին ավագանիների եւ համայնքապետերի օգտին». հորդորում է Հերմինե Նաղդալյանը

Սեպտեմբեր 19,2016 15:30

Հարցազրույց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար
Հերմինե Նաղդալյանի հետ՝ ՏԻՄ առաջիկա ընտրություններում կանանց
ներգրավվածության շուրջ

– Առջեւում ՏԻՄ ընտրություններն են: Համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններում շոշափվում են միայն տղամարդ թեկնածուների անունները: Կանայք մասնակցո՞ւմ են այս ընտրություններին: Իշխող կուսակցության կանանց խորհուրդը, որն, ի դեպ, կանանց ամենամեծ քաղաքական կազմակերպությունն է, ներկայացրե՞լ է իր թեկնածուներին այս ընտրություններում, թե՞ դաշտը ամբողջությամբ զիջել եք տղամարդկանց:

– Մեր քաղաքական դաշտում ՀՀԿ-ն մշտապես եղել է տեղական ինքնակառավարումը եւ ՏԻՄ ընտրությունները առավելագույնս կարեւորող քաղաքական կազմակերպություն: Դա է վկայում այն հանգամանքը, որ տարիներ շարունակ հանրապետականներն են, որ ակտիվորեն մասնակցել են ՏԻՄ ընտրություններին: Համարում ենք, որ ՏԻՄ-ը ժողովրդի, հասարակության հետ կապի եւ աշխատանքի համար լավագույն հարթակն է, հնարավորություն է՝ միշտ ձեռքը զարկերակին պահելու, ինչպես նաեւ հնարավորություն՝ ստեղծելու եւ աճեցնելու որակյալ կադրերի ռեզերվ, առանց որի որեւէ կուսակցություն չի կարող առաջընթաց կամ հաջողություններ ակնկալել:

Կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման իմաստով եւս ՀՀԿ-ի կատարած քայլերը նպատակային են եղել, հիշեցնեմ, որ մենք հետեւողականորեն քայլեր ենք կատարել կանանց մասնակցությունը աստիճանաբար ընդլայնելու համար որոշումների կայացման բոլոր մակարդակներում: Դրա համար մենք ոչ միայն քայլ առ քայլ մեծացնում ենք կանանց քվոտան՝ սահմանադրական բարեփոխումներից ու նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո 20-ից հասցնելով 25%-ի, իսկ հաջորդ ընտրություններում այդ թիվը կհասնի 30%-ի, նաեւ սահմանել ենք պաշտպանիչ նորմ, որպեսզի ցուցակից դուրս եկող կնոջը կրկին կին թեկնածու փոխարինի: Մենք նաեւ ռեալ իրականացնում ենք այդ սկզբունքը, եւ Դուք դրա ականատեսն եք՝ հինգերորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն է ապահովել կանանց ամենամեծ ներգրավվածությունը, գործադիրում եւս մենք այսօր 3 կին նախարար ունենք՝ դա կանանց ամենաբարձր թիվն է կառավարության կազմում:

Բայց հայտնի է, որ ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը դեռեւս խիստ ցածր է: Այսօր կին համայնքապետերի թիվը չի անցնում 20-ից, իսկ կին ավագանիների թիվը ընդհանուրի մեջ 5%-ի էլ չի հասնում: Մենք համարում ենք, որ կան շատ լուրջ եւ ծանրակշիռ պատճառներ, որոնցից ելնելով՝ հանրության համար կարեւոր է կանանց լայն ներգրավվածությունը ՏԻՄ-երում:

Ինչպես իշխանության բոլոր մարմիններում, ՏԻՄ-երում առավելապես կինը քաղաքականություն է ներմուծում կանացի, մայրական հայացք, բարություն, ջերմություն, բարեկրթություն, մարդկանց խնդիրներին եւ հարցերին ուղղված առավել ուշադիր ու հոգատար վերաբերմունք, ընտանիքի եւ մեկ տան զգացողություն: Քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները այն ոլորտն է, որն ամենաշատն է առնչվում մարդկանց կյանքի ու առօրյայի խնդիրներին, ապա շատ կարեւոր է, որ այդ մարմիններում մարդկանց հետ շփման ընթացքում եւ խնդիրները հանգուցալուծելիս հանդիպեն հենց այսպիսի հոգատար վերաբերմունքի:
– Հատկապես ո՞ր համայնքների ընտրություններն են Ձեզ համար կարեւոր: Մասնավորապես, ո՞ր համայնքներում եք Դուք թեկնածուներ առաջադրել: Արդյոք ունե՞ք թեկնածուներ, այսպես կոչված, «թեժ» ընտրատարածքներում:

– Մեր կուսակցությունը, կուսակցության ղեկավարության ու նաեւ մեր Կանանց խորհրդի նախաձեռնությամբ ՏԻՄ այս ընտրությունների ընթացքում որդեգրել է կանանց աջակցելու, քաջալերելու եւ խրախուսելու քաղաքականություն: Այդ քաղաքականությունը մենք այսօր չենք սկսել: Դեռեւս ամիսներ առաջ մեր կուսակցական կառույցները, ոչ միայն ՀՀԿ-ական կանանց, այլեւ համակիրների մեջ, աշխատանք էին կատարում, որպեսզի գտնեն հենց այն կանանց, ովքեր թե՛ իրենց գիտելիքներով, թե՛ իրենց փորձառությամբ, ակտիվությամբ, հանրության մեջ ընդունված լինելու, հեղինակություն ներկայացնելու հանգամանքների բերումով կարող են մասնակցել, ընտրվել եւ աշխատել ե՛ւ ավագանիում, ե՛ւ որպես համայնքի ղեկավար:

Վերջին համարյա մեկ տարվա ընթացքում մենք բավականին նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել՝ կրթական սեմինարներ, փորձի փոխանակումներ կազմակերպել՝ թե՛ գործող ավագանիների եւ համայնքապետերի հետ, թե՛ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ ակտիվ աշխատում են այս դաշտում եւ լիդերական հատկանիշներ, գիտելիքներ, օրենսդրություն, փորձ են տարածում մեր կանանց շրջանում, որպեսզի նրանց մասնակցությունը ե՛ւ ՏԻՄ-երին, ե՛ւ ընդհանրապես քաղաքական եւ հանրային կյանքում ընդլայնվի, հատկապես ընդգծեմ «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի երկարամյա աշխատանքը՝ տիկին Ջեմմա Հասրաթյանի ղեկավարությամբ: Մեր բոլորիս այս աշխատանքի արդյունքում 2016թ. ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցությունը արդեն այս փուլում բավականին բարձր է եւ անհամեմատելի է նախկինի հետ:

Հանրապետության տասը մարզերի շուրջ 600 համայնքների մոտ հինգ հազար ավագանու թեկնածուների մեջ 650-ը, այսինքն՝ մոտ 12%-ը, կանայք են: Կանանց մասնակցությամբ շատ ակտիվ են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի մարզերը: Կուսակցական մոտեցման իմաստով առավել ակտիվ մասնակցում են հանրապետական կանայք, բավական շատ են նաեւ անկուսակցականները, ավագանիի մասնակցությամբ երկրորդը ԲՀԿ-ն է: Ինչ վերաբերում է համայնքապետերին, այս պահի դրությամբ համայնքապետի 1098 թեկնածուներից 56-ը կին են, որը նույնպես մոտավորապես 6%-ն է կազմում, այսինքն՝ գերազանցում է այսօրվա մեր գործող ցուցանիշը 2-ից ավելի անգամ: Այս առումով եւս պետք է ասեմ՝ շատ ակտիվ են Լոռու, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերը: Կրկին ակտիվության տեսանկյունից աչքի է ընկնում Հանրապետականը, բավական մեծ թվով անկուսակցական կանայք կան, համայնքապետի մեկական թեկնածու կա ԲՀԿ-ից եւ «Լուսավոր Հայաստանից»:

– Իսկ ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված այս անգամ ավելի մեծ ներգրավվածությունը: Կանայք ցանկանո՞ւմ են գալ իշխանության:

– Հայաստանում կանայք իրենց իշխանությունը միշտ սիրով պատվիրակել են տղամարդկանց եւ կիսել են այդ իշխանության պատասխանատվությունը: Քաղաքականության մեջ, սակայն, կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացումը զգալիորեն նպաստում է հավասարակշռության, հակակշիռների, զսպվածության ավելացմանը, որը միայն ու միայն դրական ազդեցություն է թողնում քաղաքական գործընթացների որակի վրա: Հայաստանի շատ համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ բացառապես տղամարդիկ են, եւ սա ժամանակի ընթացքում բերում է բազում բացասական երեւույթների, որոնք, վստահաբար, չէին լինի, եթե այդ կառույցների աշխատանքներում ներգրավված լինեին կանայք: Մենք վստահ ենք, որ կանանց ներկայությունը ավագանու նիստերին, համայնքապետարանի աշխատանքներին էականորեն կազդի ե՛ւ աշխատանքների որակի, ե՛ւ տղամարդկանց պահվածքի ու վարքի, ե՛ւ ընդհանուր մթնոլորտի վրա:

Սա շատ կարեւոր քայլ է քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու, Հայաստանում քաղաքական մշակույթը բարելավելու ճանապարհին:

Օգտվելով «Առավոտ»-ի պես հեղինակավոր զանգվածային լրատվության մարմնի ընձեռած հնարավորությունից՝ կցանկանայի դիմել մեր գյուղական եւ քաղաքային համայնքների բոլոր ընտրողներին հորդորով՝ այս ընտրություններում իրենց ձայնը տալ կին թեկնածուներին: Անպայմանորեն մասնակցել ընտրություններին, տեր կանգնել իրենց համայնքին, իրենց կյանքի կարեւորագույն խնդիրների լուծման համար կոչված մարդկանց սատարել, քանզի այդ աջակցությունը անհրաժեշտ է այսօր քաղաքացիական համարձակություն, մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող այս կանանց համար, ովքեր առաջադրվել են, որպեսզի ընտրվեն եւ կարողանան իրենց աշխատանքով նպաստել մեր գյուղերի եւ քաղաքների խնդիրների լուծմանը: Կոչ եմ անում եւ հորդորում բոլորին՝ քվեարկել կին ավագանիների եւ համայնքապետերի օգտին:

 

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930