Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության 25-ամյա զարգացման դասերը

Սեպտեմբեր 19,2016 14:30

Անկախության հռչակման փուլում ոգեւորված էինք երկրի տնտեսական զարգացման հեռանկարներով եւ վստահ էինք, որ մոտ ապագայում ունենալու ենք մրցունակ ու հարուստ տնտեսությամբ հայրենիք: Համոզված էինք, որ եթե հայը օտար երկրներում հաջողված գործարարի համբավ ունի, ապա ձեռներեցական ինչ առավելություններ կունենա հայրենի հողի վրա: Բայց արի ու տես, որ անկախության 25 տարիներին մեր երկրում տնտեսական հրաշք չարձանագրվեց, եւ ավելին՝ հետընթաց տեղի ունեցավ: Եվ պատճառը միայն չհայտարարված երկարաժամկետ պատերազմը կամ շրջափակումը չէ, այլ հենց մեր մեջ , որից դասեր պետք է քաղենք:

Առաջին դասը, որ ստացանք անկախության տարիներին, ձեռներեցական անձնային եւ հանրային շահերի անհամապատասխանությունն էր: Մեր գործարարների հիմնական մասը այդպես էլ չընկալեց, որ անձնական շահից փոքր-ինչ զիջումներ են պետք հայրենիքին: Արդյունքում ծաղկեցին պետական ունեցվածքի թալանը, կոռուպցիան, քրեաօլիգարխիկ համակարգը, որից տուժեց ամբողջ տնտեսությունը:
Եթե ուսումնասիրենք Իսրայելի տնտեսության զարգացման հետագիծը, ապա կհամոզվենք, որ գործ ունենք, այսպես ասած, «ազգայնամոլ» տնտեսական համակարգի հետ, որը համախմբում է գործարարներին ազգային տանիքի տակ, եւ արդյունքում ձեռներեցական անձնական եկամուտներից զգալի մասնաբաժիններ են հատկացվում գերակա շահ համարվող տնտեսական ոլորտներին:

Երկրորդ դասը, որ ստացանք անկախության տարիներին, իշխանությունների նկատմամբ տնտեսվարողների անվստահության մթնոլորտից ձերբազատվելն է: Միջին ձեռնարկատերերը խուսափեցին զարգացնել իրենց բիզնեսը եւ աճելով աչքի ընկնել, իսկ այսպես կոչված՝ հաջողված գործարարները, վաստակելով միլիոնավոր դոլարներ, տնտեսության հետագա զարգացմանն ուղղված ներդրումներ չկատարեցին՝ դրանով իսկ տկարացնելով մեր տնտեսական վիճակը: Հիմնական պատճառներից մեկը հենց անվստահության մթնոլորտի առկայությունն է, երբ ձեռներեցական գործունեությունը օրենսդրությամբ պաշտպանված, բայց փաստացի անպաշտպան վիճակում է գտնվում, եւ արդյունքում մեր երկրից, որ այդքան կարիք ունի ներդրումների ներհոսքի, հակառակը՝ ծածուկ տեղի է ունենում կապիտալի արտահոսք:

Երրորդ արտառոց երեւույթը, որից պետք է դասեր քաղենք, դա Սփյուռքի տնտեսական ներուժի չօգտագործումն է ի շահ Հայաստանի Հանրապետության: Անկախության առաջին տարիներին սփյուռքահայությունը ՀՀ-ում տնտեսական գործունեության որոշակի հետաքրքրություն ցուցաբերեց, սակայն հետագայում «տնտեսապես հալածվեց» մեր իսկ հայրենակից գործարարների կողմից եւ կորցրեց իր տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Ժամանակն է, որ Սփյուռքին ճանաչենք որպես տնտեսական վստահելի դաշնակից եւ ոչ՝ բարեգործական ինստիտուտ: Միամտություն կլիներ կարծել, թե Եվրասիական կամ Եվրոպական տնտեսական դաշինքները մեզ տնտեսական օգուտներ են տալու: Բոլոր պետություններն էլ իրենց ազգային շահերն ունեն, որոնց բավարարելու հիմնական ճանապարհներից է իրենց իսկ թույլ դաշնակիցների գաղութացումը եւ դրանց որպես ոչ թե իրավահավասար գործընկերների, այլ ընդամենը սպառման հարթակների դիտարկումը: Հայաստանի Հանրապետության տնտեսական միակ վստահելի դաշնակիցը աշխարհասփյուռ հայությունն է, որի ձեռներեցական ներուժը, ցավոք, չօգտագործվեց անկախության տարիներին:

Եվ վերջապես՝ պետք է դասեր քաղենք այս տարիներին ցուցաբերած մեր տնտեսական անարդյունավետ դիվանագիտությունից: Չպետք է հիմնվել տնտեսական մեկ դաշինքի վրա եւ փորձել հույսեր փայփայել ու մեր հետագա տնտեսական ակնկալիքները սպասել մեկ տեղից: Այս առումով կարեւոր եմ համարում ոչ միայն ԵՏՄ կամ ԵՄ, այլեւ Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական դաշինքին մասնակցությունը: Մեզ անհրաժեշտ են ոչ թե լճացած, այլ դինամիկ եւ ինովացիոն շուկաներ, որտեղ զարգանում են նորագույն տեխնոլոգիաները, ներդրվում է գիտական միտքը, գնահատվում է ստեղծարարությունը: Ժամանակն է, որ կարողանանք իրացնել հայ ժողովրդի ձեռներեցական փայլուն հմտությունները եւ ստեղծարար կարողությունները, որոնք անկախության այս քսանհինգ տարիներին չիրականացան համակարգային սխալ տնտեսական քաղաքականության պատճառով:

 

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930