Գի դը Մոպասանը ֆրանսիացի մեծագույն գրողներից մեկն է, XIX դարի 60-90-ական թթ. Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների եւ վեպերի հեղինակ։ Որքան թեթեւ ու նրբագեղ է նրա ոճը, այնքան դաժան ու ծանր փորձություններով լեցուն է եղել կյանքը. երբ երեխա էր` ծնողների ամուսնալուծություն, այն ժամանակ անբուժելի հիվանդության դեմ պայքար, համաժողովրդական ճանաչում, սիրային պատմությունների խճանկար… ի վերջո՝ հրաժեշտ կյանքին` հոգեբուժարանի սառը մահճակալին գամված: Գի դը Մոպասանի կյանքը նման էր անվերջ պայքարի, որտեղ հաղթելու հավանականությունը գրեթե զրոյական էր:
Մոպասանն ուղղակի սթրես տարավ 11 տարեկանում, երբ ծնողները բաժանվեցին: Ընտանիքի քայքայումից հետո նա որոշեց, որ երբեւէ չի ամուսնանալու: Հետագայում գրողը թեեւ բազմաթիվ սիրուհիներ ուներ, բայց այդպես էլ չամուսնացավ: Իմիջիայլոց, Մոպասանի սիրուհիներն էլ դառնում էին նրա գրական հերոսների նախատիպերը:
Տարիներ շարունակ Մոպասանը տառապում էր սիֆիլիսով: Նա ցանկություն ուներ բուժվելու, բայց ճակատագիրն այլ տհաճ անակնկալներ էլ էր նախապատրաստել. հիվանդությունը սկսեց ագրեսիվ խորանալ, կամաց-կամաց մթագնեց ուղեղը, ի վերջո տաղանդավոր գրողը հոգեկան խանգարում ստացավ: Երբեմնի ուսյալ ու զարգացած մարդը հիվանդության պատճառով ուղղակի «ավերակի» էր վերածվել` զրկվել հիշողությունից ու հույզերից:
Հանճարեղ ֆրանսիացին կյանքից հեռացավ 42 տարեկանում: Իր կարճատեւ կյանքի ընթացքում Մոպասանը հարուստ գրական ժառանգություն թողեց: Գրական աշխարհում նրա ուսուցիչը Գյուստավ Ֆլոբերն էր, որն էլ երիտասարդին ծանոթացրեց Էմիլ Զոլայի, Լուի Բուեյի եւ մյուսների հետ: Մոպասանի առաջին ստեղծագործությունները հիացմունքով ընդունվեցին գրական շրջանակներում:
1869 թ., ավարտելով լիցեյը, խորհրդակցելով մոր եւ Ֆլոբերի հետ՝ նա ուղեւորվեց Փարիզ՝ իրավագիտություն ուսումնասիրելու։ Սակայն պատերազմը խախտեց բոլոր պլանները: Միանալով ֆրանս-պրուսական բանակին որպես շարքային զինվոր՝ Մոպասանը լրացրեց իր ուսումը կարդալով:
Ընտանիքի սնանկացումը ստիպեց Մոպասանին ծովային նախարարությունում պաշտոնի անցնել, որտեղ աշխատեց մոտ 10 տարի։ Ավելի քան վեց տարի նա ստեղծագործում էր, մշակում իր գործերը, սակայն համարձակվեց տպագրվել միայն այն բանից հետո, երբ Ֆլոբերը նրա ստեղծագործությունները բավականաչափ հասուն համարեց: Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեցան: Նա բավականին շատ գումար էր վաստակում ու մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը իր պարտքն էր համարում։
1889-ին գրողը շատ ծանր տարավ հոգեկան հիվանդ եղբոր մահվան գույժը, այդ շրջանում իր առողջությունն էլ էր քայքայված: Մոպասանը եւս պարբերաբար բուժում էր ստանում հոգեբուժարաններում: Նա մի անգամ նույնիսկ փորձեց ինքնասպան լինել, բայց ողջ մնաց: Մահն ի վերջո վրա հասավ 1893-ին: Գի դը Մոպասանը մահացավ ուղեղի կաթվածից։
Ըստ kulturologia.ru-ի
«Առավոտ»
17.09.2016