ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին մշտապես կարելի է տեսնել հայկական սպորտի հետ առնչվող գրեթե բոլոր միջոցառումներում: Ընդ որում, նա մշտապես «ակտիվ է» ոչ միայն օլիմպիական, այլեւ մեզանում ինչ-որ չափով որպես էկզոտիկ ընկալվող մարզաձեւերում:
Վահե Էնֆիաջյանը ներկա էր նաեւ «Գիննեսի գրքի» քառակի ռեկորդակիր, մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանի՝ վերջերս ստացած չորրորդ հավաստագրի շնորհանդեսին: Օգտվելով առիթից՝ զրուցեցինք Վահե Էնֆիաջյանի հետ:
– Դուք հայկական սպորտի հետ առնչվող հարցերում ամենաակտիվ մասնակիցներից մեկն եք: Ինչո՞վ կբացատրեք, որ Ձեզ ավելի հաճախ տեսնում ենք ոչ օլիմպիական մարզաձեւերի կողքին:
– Էությամբ ես սպորտի մեծ սիրահար եմ, հայ մարզիկների մեծ երկրպագու, եւ այն, ինչ կատարվում է հայկական սպորտում, չափազանց կարեւորում եմ: Կարելի է ասել՝ բավականաչափ մեծ դերակատարություն ունեմ նաեւ ոչ օլիմպիական մարզաձեւերում, այն ֆեդերացիաներում, որոնք գրանցվել են Հայաստանի Հանրապետությունում: Բոլորի մասին չեմ ասի, որովհետեւ տեղին չի լինի:
Կարդացեք նաև
Կառանձնացնեմ ոչ օլիմպիական այն ֆեդերացիաները, որոնք իրենց տեղը գտել են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ու մեր երկիրը, մեր տեսակը կարողանում են լավագույնս ներկայացնել միջազգային հարթակներում: Մասնավորապես, Դավիթ Ֆահրադյանը մարմնամարզական պտտաձողի վրա արդեն Գինեսի չորս ռեկորդ է սահմանել, գրանցվել է ոչ միայն հայկական «Դյուցազնագրքում», այլեւ համաշխարհային «Գինեսի գրքում»: Նա նոր ռեկորդի է պատրաստվում, որն այս անգամ գրոհելու է ԱՄՆ-ում: Վստահ եմ, որ դա նույնպես մեծ հնչեղություն է ստանալու: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ոլորտի պատասխանատուները եւ հասարակությունը գնահատում են Դավիթ Ֆահրադյանի գործունեությունը: Ի դեպ, շատերը չգիտեն, որ Ֆահրադյանը հիմնել է նաեւ Հայաստանի բատուտի (ցանցացատկ) ֆեդերացիան, մարզադպրոց, որտեղ բազմաթիվ մանուկներ զբաղվում են ոչ միայն այդ գեղեցիկ մարզաձեւով, այլեւ մարմնամարզությամբ եւ ակրոբատիկայով: Այդպիսի մարզաձեւերին եմ փորձում հնարավորություններիս սահմաններում օգտակար լինել:
– Բոլոր ոչ օլիմպիական մարզաձեւերին չէ, որ փորձում եք օգտակար լինել: Կմանրամասնե՞ք:
– Ես ուզում եմ տեսնել ոչ օլիմպիական այն մարզաձեւերը, որոնք առողջություն են բերում ժողովրդին, հատկապես՝ պատանիներին ու երիտասարդներին, նրանց կյանքը լցնում են առողջ ապրելակերպով, սպորտի հանդեպ սիրով եւ առողջ մրցակցությամբ: Այս ամենի կողքին կան նաեւ այնպիսի ֆեդերացիաներ, որոնք պահանջվող մարզչական պրոֆեսիոնալ թիմը չունեն, որ իրականում կարող են այս առողջ մթնոլորտն ապահովել: Իսկ ընդհանրացնելով ասեմ՝ մեր ազգում որքան շատ լինեն սպորտով, առողջ ապրելակերպով զբաղվողները, դրանից մեր ժողովուրդը եւ պետությունը միմիայն շահելու են:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
17.09.2016