Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեղեր պահել» երևույթի  քաղաքական նշանակությունը՝ ըստ Նիկոլ  Փաշինյանի (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2016 23:19

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքն էր, որն անձամբ գլխավորում էր այդ կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հավաքը բազմամարդ չէր, հիմնականում եկել էին սոցիալապես վատ վիճակում գտնվող այն տարեց մարդիկ, որոնք մշտապես մասնակցում են Թատերական հրապարակում տեղի ունեցող ցանկացած հավաքի։  Նիկոլ Փաշինյանը, նախքան  ՏԻՄ ընտրություններին անդրադառնալը, մեկնաբանեց, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիրը» իրենց ընդդիմադիր համարող  մյուս  կուսակցությունների հետ չի համագործակցում։ «Մենք նայել ենք դաշտում՝ ովքեր կան, որոնց հետ մենք կարող ենք համագործակցել, հիմա այս  թեման թարմացել է, ես դրա համար եմ անդրադառնում, գուցե Գյումրիի հետ ուղիղ առնչություն չունի, Վանաձորի հետ ունի առնչություն։ Նայում էինք դաշտում, մարդիկ, որոնք ասում էին, թե իրենք  ընդդիմադիր հայացքներ ունեն, փորձում էին էդ պրոցեսը տանել, եղավ մի իրավիճակ, երբ Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի հետ ես իմ նախաձեռնությամբ  քննարկեցի համատեղ գործողություններ իրականացնելու հնարավորությունը։ Պարոն Մարուքյանը հրաժարվեց, հիմնադրեց իր կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ 4 տարիների ընթացքում 4 անգամ կողմ քվեարկեց պետական բյուջեի նախագծին, երկու անգամ վստահության քվե տվեց Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի կառավարությանը։ Մենք բոլորի հետ թեման քննարկելուց հետո ասինք՝ մենք արդեն գիտենք, որ էնտեղ միանալու ռեսուրս չկա , ուրեմն  մենք ժամավաճառությամբ չենք զբաղվի, մենք արձանագրեցինք , որ պետք է մեր վրա վերցնենք պատասխանատվություն, մենք վերցրեցինք պատասխանատվությունը։ Ու էս ընթացքում, այս քննադատությանը իրենք պատասխանում են՝ այ տեսեք, չեն ուզում ընդդիմության միավորումը։ Հիմա  ես ձեզ ուրիշ շատ պարզ հարց եմ տալիս կոնկրետ Գյումրիի և Վանաձորի օրիակով, լավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  չմիացավ, արդեն ասացի ինչ պատճառով, բա ընդդիմադիր կոչվող կուսակցությունները ինչո՞ւ իրենք չմիավորվեցին առանց մեզ»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետ, անդրադարձ կատարելով «Օրինաց երկիր» կուսակցությանը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրեն հայտարարել է ընդդիմություն, ասաց․ «Կյանքում չհավատաք, որ ես այն կուսակցության ու այն առաջնորդի հետ, որը Սերժ Սարգսյանի դեմ ընդդիմադիր ելույթ ունենալով ձայներ  է հավաքել, հետո տարել է այդ ձայները Սերժ Սարգսյանին մատաղ է արել ու մտել իշխանության մեջ, էդ կուսակցության ու էդ քաղաքական գործչի հետ մենք գնալու ճանապարհ չունենք։ Ընդհակառակը  մենք համարում ենք, որ ըտենց մարդիկ,  ժողովրդի ձայնը ծախած որևէ մեկը Հայաստանում չպետք է ունենա քաղաքական գործունեություն վարելու իրավունք։ Նույնը վերաբերում  է ԲՀԿ-ին, նույնը վերաբերում է Օսկանյանի կուսակցությանը։  Հիմա  անցենք  «Հանրապետականին», մենք ասում ենք հետևյալը՝ մինչև ընդդիմության հարցը  չլուծվի Հայաստանում, իշխանության հարցը չի լուծվի, որովհետև էլի եմ ասում՝  ընդդիմադիր աջափսանդալների տրամաբանությունը էդ Սերժ Սարգսյանի տրամաբանությունն է։ Նրանք դա անում են, որ մարդկանց ուշադրությունը շեղեն, քաղաքականության մեջ ես դրա անունը դնում եմ զեբրայի էֆեկտ։ Ո՞րն է զեբրայի էֆեկտը, եթե դուք սիրում եք կենդանիների ինքնապաշտպանության միջոցների մասին կարդալ, ուրեմն իմացեք զեբրերը իրենց պաշտպանում են իրենց գծերի մեջ, գծերի միջոցով, ո՞րն է էդ պաշտպանության մեթոդը. էդ գծերը իրենց դարձնում են մի ընդհանրություն։ Եվ գիշատիչը չի կարողանում իրենց մեջից կոնկրետ ընտրել թիրախին  և այդ թիրախին հետապնդել։  Սա հիմա ինչ կապ ունի քաղաքական գործունեության հետ, կապը ուղղակի է. մենք ասում ենք՝ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, որ ընտրողն ընտրական տեղամաս գնալիս իմանա՝ ում օգտին քվեարկի, որ կպնի իշխանությանը տապալելու թիրախին, որովհետև եթե կա մեկ իշխանություն և տաս ընդդիմություն, իշխանությունը ընդդիմության ձայները կիսելու է, եւ ունենալու ենք կտոր-կտոր ընդդիմություն, որը չի կարող լինել այնքան ուժեղ, որ հարվածի ու տապալի իշխանությանը։ Սա է մեր տրամաբանությանը, մենք ասում ենք, որ ՀՀ-ում պետք է լինի մեկ ընդդիմություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է լինել այդ մեկ ընդդիմությունը։ ՀՀ քաղաքացիներդ պետք որոշեք, եթե որոշեք, որ մեկն ուրիշն է մեկ ընդդիմությունը, որոշեք, խնդիր չկա էլի»։

nikol-gyumreciner gyumri-cuyc gyumreciner gyumri3 gyumri2 gyumri1Այնուհետ  բանախոսն անդրադարձավ Գյումրու ավագանու ընտրություններին։ «Մինչև հիմա իշխանությունը մարդկանց համոզել է, որ ՏԻՄ ընտրությունները որևէ քաղաքական հետևանք չունեն և ոչ մի քաղաքական կոնտեքստ չունեն, այսինքն դա աղբամանի, թփի, ծառի ընտրություններ են, քաղաքական որևէ նշանակություն չունի։ Արդյունքում ի՞նչ ենք ստացել, ստացել ենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի համայնքապետերի 90 տոկոսը Հանրապետական կուսակցության  անդամ են։ Այսինքն ստացվում է, որ մարդը, չքաղաքականացնելով, ապաքաղաքականցելով ՏԻՄ ընտրությունները , չգիտակցված ձևով ձայն է տալիս Սերժ Սարգսյանին, այսինքն ուժեղացնում է նրա իշխանությունը, այսինքն դաբրո է տալիս Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող թալանին։ Հիմա մենք եկել ենք, Գյումրիում արել ամենակարևոր արձանագրումը, հիմա եթե «Օրինաց երկիր» կուսակցությունը, այդ երևույթը անունը ես դրել եմ «բեղեր պահել» քաղաքական առումով․․․«Օրինաց երկիր» կուսակցությունը անունը փոխում,  դնում է «Հայկական վերածնունդ», որ իրեն ոչ մեկը չճանաչի, դա նույն է, եթե որևէ մեկը չի ուզում, որ իրեն ճանաչեն , բեղ- միրուք է պահում, որ իրեն չճանաչեն։ Սերժ Սարգսանն էլ Գյումրիում է բեղեր պահում՝ ի դեմս «Բալասանյան» դաշինքի։ Էդ բեղի մի կողմը «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունն է, մյուս կողմը «Հանրապետական» կուսակցությունն է, միրուքի մի մասն էլ Սամվել Բալասանյանն է, որի ճակատին մի ժամանակ գիտեք ինչ էր գրված․․․ Նա, ով  ձայն  է տալիս «Սամվել Բալասանյան» դաշինքին, ձայն է տալիս Սերժ Սարգսյանին, ձայն է տալիս Սաշիկին․․»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ եթե Սամվել Բալասանյանի նկարները, որ փակցված են քաղաքով մեկ, քերեն, Սերժ ու Սաշիկ  Սարգսյաններն են դուրս գալու։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում պաշտոնական տվյալներով 300 000 մարդ հեռացել է Հայաստանից։ «Ով ձայն է «Բալասանյան» դաշինքին, ասում է՝ լավ է արել Սերժ Սարգսյանը, որ 300 000 մարդու տնավեր է արել։ Ձեզ ավելին ասեմ, ով ձայն է տալիս «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, էլի է ասում՝ լավ է արել Սերժ Սարգսյանը, որ 300 000 մարդու քշել է Հայաստանի Հանրապետությունից», -ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նույնն ասաց Վարդան Օսականյանի հիմնած «Համախմբում» կուսակցության հասցեին՝ նշելով, որ Վարդան Օսկանյանը մարտի մեկին եղել է ոճրագործի գործիքը։ Այնուհետ ասաց, որ նույնը վերաբերում է ԲՀԿ-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930