Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձ հային` ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ

Սեպտեմբեր 18,2016 21:08

Արդեն ակնկալում եմ Քո խեթ հայացքը, թե ո՞վ եմ ես, որ Քեզ դիմեմ։ Չէ՞ որ այդ մենաշնորհն ունեն միայն Քո տերերը։ Այդ իրավունքը, սակայն, մի քիչ էլ ես ունեմ, որովհետև քառորդ դար անընդմեջ Քեզ տեսել եմ մերկ՝ առանց դիմակների, լսել քո դառը ողբը, տխրել քո արցունքներից, կրել Քո ստվերը ու դիմում եմ Քեզ, քանի որ անկեղծ հավատում եմ Քո և իմ Հայրենիքի լավ ապագային։

25 տարի առաջ Քեզ ու Քո Հայրենիքին աներևակայելի պատահականությամբ թույլատրվեց ազատ լինել։ Դու առինքնող ոգևորությամբ այդ պարգևը համարեցիր Քո հաղթանակը, բայց շուտով անիծեցիր այն, ինչ է թե՝իշխանության եկան Քեզ պես ոչ ազատ ու ոչ հասուն մարդիկ, Դու ամենից շատ հայհոյել ես հենց այդ ազատությունը Քեզ նվիրած մարդուն։ Դու դժվարությամբ ես գիտակցում, որ ամեն բարիք ունի իր ստվերը, որ լավը վայելելուց զատ՝ հարկ է ի չիք դարձնել դրա դիվային կողմը, որի պատասխանատվությունից Դու ու Քո պապերը միշտ էլ խուսափել եք։ Փոխարենը Դու հրաշալի գիտես, որ Քո երեխան ոչ միայն երջանկություն է, այլև՝ մշտական հոգս, որը Դու ու Քո պապերը նախանձելիորեն քաջ գիտակցել եք։

Ազատության պես հրաշքը պաշտպանելու փոխարեն Դու նախընտրեցիր փախչել Քո ազատ երկրից՝ «մարդը մի անգամ է ապրում» արդարացումը շուրթերիդ ու «որտեղ հաց՝ այնտեղ կաց» կործանարար մոլորությունը մտքումդ։ Ազատությունը քո համար արժեք չէ. Դու վախենում ես ազատությունից, քանի որ Քեզ անօգնական ու անվստահ ես զգում, Քեզ սարսափեցնում են միայնությունն ու տագնապը։

Քո տերերն ու նրանց դեմ պայքարողները Քեզ ասում են, որ Դու ես այս երկրի տերը ու Դու հաճույքով լսում ես այդ անհեթեթությունը։ Նույնիսկ նրանք այս երկրի տերը չեն, էլ ուր մնաց՝ Դու։ Նրանք միայն Քոտերն են և այդպիսին մնալու համար Քեզ պարտավոր են կերակրել ամենազորեղ թմրանյութով՝ «Ես»-դ շոյող հիմար մտքերով։ Նրանք երբեք չեն ասի, որ Դուոչ մի բան ես։ Անգամ կարող են սեթևեթել, թե իրենք են ոչ մի բան, բայց երբեք չեն ասի որ դուտերն ես միայն Քո ճակատագրի, քանի որ նրանց կուղարկես գրողի ծոցը, թույլ չտալով, որ կյանքիդ համար պատասխանատվությունը դնեն Քո վզին, որովհետև դու սարսափում ես այդ բեռից։ Շատ ավելի հեշտ է ապրել, երբ անհաջողություններիդ համար մեղավոր են ծնողներդ, իշխանությունները, Ամերիկան ու Ռուսաստանը։

Հանգիստ եղիր, Քո տերերն ու նրանց սպասարկող ու նաև ընդդիմացող լրագրողները երբեք Քեզ չեն ասելու, որ դժվար կյանքիդ համար կա միայն մեկ մեղավոր և այդ մեկը Դու ես։ Նման բան քեզ կարող է ասել միայն Քեզ սիրողը, բայց նրան Դու արհամարհում ես ու ծաղրում, նա «ուժեղ չէ»։ Դու սիրում ես ուժեղներինու արհամարհում Քեզ պես թույլերին։ Նման վերաբերմունքով տերերիդ ավելի ես հզորացնում, իսկ ոչնչություններին` թույլ տալիս ներկայացնել Քո շահերը։ Իրենց Դու պետք ես վախեցած և ոչ թե ազատ, ինչպիսին երազել ես լինել։ Ազատ լինելու համար Դու պետք է Քեզ վրա վերցնես այդ անիծյալ պատասխանատվությունը, որից Քեզ մշտապես ազատում են Քո առաջնորդները։ Նրանք երբեք Քեզ ցույց չեն տա Քո իրական տեղը, ուր գտնվում ես՝ աղբի մեջ։ Բայց Դու պարտավոր ես քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին կաս իրականում։

Քեզ դպրոցից սովորեցրել են հպարտանալ ազգիդ հարուստ պատմությամբ ու «լուսապսակ ճակատներով», բայց արդյո՞ք կարող ես անկեղծորեն հպարտանալ Քեզանով։ Քեզ սովորեցրել են, որ «համեստությունը գեղեցկացնում է մարդուն», բայց չեն ասել, որ «համեստությունը միջակությունների առաքինությունն է», քանի որիր արժեքն իրավամբ իմացող ու ազատ մարդը վտանգավոր է տերերիդ համար։ Քո տերերը հեշտությամբ ձեռնածում են Քեզնով, որովհետև հրաշալի ճանաչում են Քեզ, քանի որ Քեզնից էլ թույլ են եղել, այնքան թույլ, որ այդ անտանելի բեռըստիպել է իրենց Քոտերը դառնալ։ Բայց դու Քոտերերին ավելի շատ ես լսում, քան կարդում Քո դասականներին։

Քեզ մի կողմից սպառնում են, մյուս կողմից քծնում. շատ կարևոր է Քեզ մշտապես ներգրավել հանուն իշխանության ու հարստության Քեզ համար անիմաստ պայքարին, և ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է ուզում քո հոգին։ Քեզ համոզել են, որ Քո հոգին բարեկեցություն է ուզում, հանուն որի Դու էլ պիտի մասնակցես այդ անպտուղ կռվին։ Ինքդ էլ չես գիտակցում, թե ինչու՞ ատելով իշխանությանը՝ ձգտում ես դրան, ոչնչով չտարբերվելով Քո տերերից ու նրանց հակառակորդներից։ Քեզ «ազատագրողները» պնդում են, որ Քոկեղեքի չըբռնատիրական իշխանությունն է, բայց չեն ասում, որ միայն Դու կարող ես Քեզ ազատագրել։ Երբեք չեն էլ ասելու, քանի որ Քո` իրապես ազատ լինելու դեպքում այդ իշխանությունն իրենց էլ պետքչիլինելու։ Քեզհամոզել են, որ Քո ծանր կյանքի միակ պատճառը Քո տերերի ընչաքաղցությունն է և ընտրությունների կեղծելը, իսկ քո տերերը պնդում են, որ պատճառը թուրքն է ու համաշխարհային ճգնաժամը։

Նրանք երբեք չեն ցույց տա իրական մեղավորին՝ Քեզ։ Հենց այդ ընչաքաղցության պատճառով Դու մասնակցում ես կեղծիքներին, իսկ Քո թուլությունն ու ստրկամտությունը նախագահիդ դարձնում են նահանգապետ։ Քո ու երեխաներիդ ապահովության ձգտումը ստիպում է Քեզ հրաժարվել ազատությունից, որի դառը պտուղները քաղում ես ամեն օր։ Արձագանքելով Քեզ ազատագրողների կանչին՝ Դու ցրտին ու շոգին հրապարակներում «այո» ես բղավում իշխանություններին խորտակելու բաղձալի կոչերին, չնայած քոողորմելի անզորությանը։ Սակայն գլխավոր մարտադաշտը հենց քո ներսում է՝ Դու պարտավոր ես հաղթել ինքդ Քեզ, Քո մանկական ցանկությունները, վախերը, մտասևեռումներն ու բնազդները։ Նաև իշխանությունների կանչին հետևելով՝ հերոսաբար զենք ես վերցնում Հայրենիքիդ սպառնացող արտաքին թշնամու դեմ, չնայած ավելի կարևոր է, որ Քո երկրի ներսում փոխվեն Քո դպրոցն ու ուսուցիչները։ Այդպես են ստեղծվում հզոր հայրենիքները, միայն Քեզ փոխելով կարող ես փոխել իշխանություններին, այդժամ դու կարիքը չես ունենա Քեզ պաշտպանող ոչնչությունների ու Քեզ արհամարհող նահանգապետն էլ կդառնա Քեզ սիրող«թագավոր»։

Դու մեծ հաճույքով օգտվում ես 21-րդ դարի բարիքներից, սակայն ապրում ես խորը անցյալում, երբ մարդը չէր տնօրինում իր ճակատագիրը, երբ կենսական անհրաժեշտություն էին առաջնորդներն ու կուռքերը։ Չգտնելով կուռք Հայրենիքում, դավաճանաբար լքում ես այն, կուռքեր գտնելով օտարության մեջ։ Եթե չկան կուռք-առաջնորդներ՝ Դու կուռք ես դարձնում փողը, լրիվ իմաստազրկելով Քո կյանքը, որը Քեզնից բացի ոչ ոք չի կարող իմաստավորել։ Քեզ երբեք ո՛չ քո տերերը, ո՛չ էլ առավել ևս քեզ «փրկողները» չեն ասի, որ Հայրենիքումդ կաշառք վերցնող հայ պաշտոնյայից լավը չես, երբ օտարության մեջ փող ես աշխատում ու այնտեղ ծախսում։
Քեզ համար արժեք չէ խղճի ազատությունը, Դու պարզապես Քեզ հպարտորեն անվանում ես առաջինը քրիստոնեություն ընդունած աստվածավախ՝ կրկին ընդգծելով քո ստրկամտությունը։

Աստծուն կարելի է սիրել, բայց դա Քոնը չէ, Դու նախ պետք է սիրես քեզ, ոչ թե քո Ես-ը, այլ՝ էությունը։ Դու ես մեղավոր, որ Քո հոգևոր հայրերից շատերը չեն հավատում աստծուն։ Ազատվելով Վահագն ու Անահիտ անուններով աստվածներից, հետո էլ Քրիստոս անունով աստվածամարդուն ենթարկվելու պարտադրանքից, Դու ինքնակամ ենթարկվում ես Փող և Իշխանություն անուններով աստվածներին, որը շատ ավելի սարսափելի է, քանի որկորցնում ես կյանքիդ իմաստը։ Իրական ոգեղենության ու սիրո պարագայում կարևոր չեն աստվածներրի անունները, առավել ևս՝ նրանց նորածին փոխարինողները։

Քո համար արժեք չէ նաև խոսքի ազատությունը, քանի որ Քեզ համար կարևորը շրջապատի կամ մեծամասնության կարծիքն է։ Դու հեշտությամբ դավաճանում ես Քեզ ու Քո իրական երազանքներին՝ դառնալով այնպիսին, ինչպիսին պահանջում են Քեզնից լինել։ Դու Քեզ ավելի վստահ ես զգում, երբ նմանվում ես բոլորին, առանց հասկանալու, որ ոչնչացնում ես Քո անկրկնելի անհատականությունը, Քո մեջ սպանում այն աստվածայինը, որը պետք է բարօրություն բերեր Հայրենիքիդ։ Դու անգամ չգիտես, թե իրականում ինչ ես ուզում, Քո ցանկություններն այն են՝ ինչ քեզնից պահանջում են՝ Քեզ դատապարտելով տառապանքների։

Դու սիրում ես խոսել իդեալներից, բայց արդյո՞ք Դու հասկանում ես, որ ամենամեծ իդեալը Քո իրական ազատությունն է, որիշնորհիվ Դու կարող ես լիարժեք դրսևորվել այս կյանքում՝ ազատ դարձնելով նաև Քո Հայրենիքը։ Բայց Դու նման ես վանդակից բաց թողնված առյուծին, որը վերադառնում է վանդակը՝ այստեղ մի կտոր միս են շպրտում, իսկ անտառների ազատությունն ու ապրելու պայքարը նրան վախեցնում են։

Դու իրականում չես հարգում Քեզ, անգամ հոգու խորքում՝ ատում ես, քանի որ վախեցած ես։ Դու հաճախ անգիտակցաբար խոստովանում ես դա, երբ պնդում ես, որ«էս ազգը ազգ չի դառնա»։ Այդ դու մարդ չես չառնում, որովհետև ազատ չես։ Դու ատում ես ազատությունը՝ ազգիդ դատապարտելով ստրկության։ Դու այնքան վախեցած ու միայնակ ես, որ փրկությունը տեսնում ես «հզոր» ոչնչության մեջ, նրան վերագրելով Քո բոլոր երազանքները։ Հիասթափվելով հերթական «Հերոսից», հայացքդ հառում ես մեկ այլ խրտվիլակի, որին հագցնում ես Քո իսկ ստեղծած պատրանքները։
Սիրելի Հայ, մի՛ վախեցիր ազատությունից, դա կարող է փրկել և՛ Քեզ, և ինձ, և՛ Հայաստանը։

ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ
հոգեբույժ, «Հայերի հոգին» գրքի հեղինակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930