Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի էր ունեցել զինված միջադեպ: Կրակել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կային տուժողներ:
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Ընդ որում, այդ մարդը`Կ. Արմենակյանը Կարեն Գրիգորյանի շրջապատից է, եւ խուզարկության արդյունքում նրա բնակարանում հայտնաբերվել էր ռազմամթերք:
Aravot.am-ը գործող քաղաքապետի հետ չկարողացավ կապվել, վերջինս անպատասխան թողեց հեռախոսազանգերը:
Զանգահարեցինք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանին:
Aravot.am-ը Վարդանյանից հետաքրքրվեց` այն, որ ձերբակալվածը Կարեն Գրիգորյանի «մարդն» է, արդյոք չի ՞ հարվածում նրա իմիջին:
Կարդացեք նաև
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը նախ ասաց, որ ոչ կոռեկտ հարց ենք հնչեցնում, ապա հավելեց. «Քանի որ ընտրական պրոցեսների մեջ եմ, չեմ հետեւել, թե ինչ լրատվություն ու հայտարարություն է տարածվել, եւ որտեղով, բայց մեր դիրքորոշումը հետեւյալն է`թող իրավապահները զբաղվեն, օբյեկտիվ քննություն անցկացվի եւ բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն: Մենք կողմ ենք, որ օրինականություն լինի, արդար քննություն, արդար դատավարություն: Անկախ նրանից` ո՞ր կողմից` ովքեր` ինչ հարցում են մեղադրվում, պետք է պատժվեն: Այսօր արգելվում է նախընտրական քարոզչությունը, հետեւաբար չեմ կարող ինչ-որ բաներ ասել, բացի այդ, լավ կլինի չմիջամտենք նախաքննական մարմնի աշխատանքներին եւ չփորձենք խոչընդոտել: Ամեն դեպքում, մենք կողմ ենք, որ բոլոր մեղավորները ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատիժը ստանան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ