Արարատի մարզի Կանաչուտ գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Լևոն Ասատրյանը եւ Արարատի մարզպետարանի Ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանի կինը` Նարինե Քարամյանը:
Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ բախում է եղել գյուղում: Այդ մասին գործող գյուղապետը հայտնեց. «Եկել են գյուղ մի քանի ջիփերով, երեւի մենք էլ Ջիփ չէինք տեսել, վախեցանք էլի: Մյուս թեկնածուի` Նարինե Քարամյանի տղան էր կանչել: Կինն առաջին անգամ է ուզում ընտրվել, ամուսինն էլ մի քանի անգամ դրոշակներ է փոխել` նախկինում դաշնակցական էր, այսօր էլ ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովի անդամ է դարձել»:
Aravot.am-ը կապվեց նաեւ Սուրեն Քարամյանի հետ: Պարոն Քարամյանը հայտնեց, որ Լեւոն Ասատրյանի ասածները իրականությանը չեն համապատասխանում: Արարատի մարզպետարանի Ներքին աուդիտի բաժնի պետը ասաց նաեւ, որ ընդամենը մեկ մեքենա է գյուղ մտել, այն է իր հարազատ եղբայրն է եղել եւ իրենց տուն հյուր է եկել:
«Մի հոգու գալով ինչ է փոխվում»,-տարակուսեց մեր զրուցակիցը:
Հարցին`արդյոք մարզպետարանի իր լծակները չի՞ օգտագործում ընտրությունների ընթացքի վրա ազդելու նպատակով, Սուրեն Քարամյանը պատասխանեց. «Ի՞նչ լծակ պետք է օգտագործեմ: Գործող գյուղապետն է գյուղի լծակներն օգտագործում, այսօր էլ գյուղի երիտասարդների, բարեկամ-հարազատների հետ 10-15 հոգով միջադեպ սարքեցին, մինչդեռ մենք մի քանի հոգով նստած էինք հանձնաժողովի կազմում: Անապահով ընտանիք կա գյուղում, իրենք եկան եւ ասացին, որ ուզում են Նարինեին ընտրել, ինչը բնական է, քանի որ շատ ենք օգնել, հետեւաբար մեզ պետք է ընտրեին: Այդ պահին իր (Լևոն Ասատրյանի-Գ.Հ.) մորաքրոջ տղան բյուլետենը խլեց հանձնաժողովի նախագահի ձեռքից, ասաց, որ կպատռի ու ոնց որ պատռեց…Ու կռիվը գնաց ներսում: Թող ինքը որպես գյուղապետ բարի լինի օգնությունները ժամանակին մարդկանց տա, որ գան իրեն ընտրեն: Կարող եք ստուգել, գյուղի օգնությունները տեղ չեն հասնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ