Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով համայնքային ընտրությունների վերաբերյալ դիտորդների ահազանգերին ու մամուլի հրապարակումներին, ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախօրոք էր գնահատական տվել, երբ հայտարարվել էր, որ այս ՏԻՄ ընտրությունները ոչ լեգիտիմ են ու ոչ լեգալ:
«Արդեն իսկ անհավասար պայմաններ էին ստեղծված քաղաքական ուժերի միջեւ: Շատ քաղաքական գործիչներ անազատության մեջ են եղել, շատ թեկնածուներ անհավասար իրավիճակում են գտնվում, օրինակ Արայիկ Խանդոյանը այդպես էլ չկարողացավ իր քարոզարշավին մասնակցել, ուստի եւ ակնհայտ է, որ եթե քաղաքական ուժերին, քաղաքական եւ հասարակական գործիչներին մեկուսացնում են ապօրինի, շինծու հոդվածներով եւ հեռու են պահում ՏԻՄ ընտրություններից, ապա այդ ընտրությունները չեն կարող համարվել օրինական: Բացի դա, քանի որ մեզ մոտ ՏԻՄ համակարգը այլեւս ձեղախեղվել է մինչեւ վերջ, ըստ էության խանական իրավիճակ է տիրում Հայաստանում, տարբեր մարզեր ու շրջաններ ունեն իրենց ֆեոդալները, եւ այդ ֆեոդալների հայեցողությամբ են որոշվում ընտրությունները: Քարոզարշավի ընթացքում նաեւ վերջին օրերին տեսանք, թե ինչ բացասական երեւույթների ենք հանդիպում: Դրա արդյունքն այսօր դիտորդների համապատասխան զեկույցներն են, որոնք ակնհայտ են դարձնում, որ այս իշխանությունը որեւէ ձեւով չի կարող փոխել իր էությունը`անհավասար պայմաններում ընտրությունների կազմակերպում եւ խախտումներ: Ուրիշ պատկեր չէր էլ կարող լինել»,-փաստեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա ձեւակերպմամբ, մյուս կողմից էլ` խոշոր հաշվով ՏԻՄ ընտրությունները ոչինչ չեն որոշում Հայաստանում: «Ցանկացած պարագայում գյուղապետներն ամբողջովին կախված են մարզպետերից, նրանց ֆինանսական մուտքերը ծրագրերը մարզպետերն են որոշում; ՏԻՄ-երը իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իսկ եթե լինում են որոշակի ընդդիմադիր հայացքներով անձինք, կա’մ նրա գործունեությւոնը կասեցված վիճակում է լինում, կա’մ կարճ ժամանակ հետո այդ մարդիկ ստիպված համակերպվում են իրավիճակին եւ մտնում նույն խաղի կանոների մեջ: Մի խոսքով, ՏԻՄ ընտրությունները ոչինչ չորոշող ընտրություններ են»,-հավելեց քաղաքական գործիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև