Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ ցույց աշխարհով մեկ` ի պաշտպանություն «Սասնա ծռերի» (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 18,2016 11:49

Աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում միաժամանակ երեկ համերաշխության և բողոքի ցուցեր տեղի ունեցան, այդ թվում էին նաև Երևանը և Վանաձորը (ԱՄՆ` Լոս Անջելես, Նյու Յորք, Բոստոն, Բոյսի, Ֆրանսիա` Փարիզ, Լիոն, Իտալիա` Հռոմ, Ֆլորենցիա, Գերմանիա` Քյոլն, Իսպանիա` Բարսելոնա, Ռուսաստան` Մոսկվա, Բելգիա` Սինթ-Նիկլաաս, Լեհաստան` Վարշավա, Չեխիա` Պրահա):

cuyc5

Նմանատիպ ցույց կազմակերպելու առաջարկն արել է «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը, իսկ օրը` սեպտեմբերի 17-ը, սիմվոլիկ կերպով ընտրել է Գերմանիայի մասնաճյուղը` նշելով, որ արդեն «Սասնա ծռերի» ապստամբության երկու ամիսն է լրանում և անպայման էր ՀՀ անկախության տոնին ընդառաջ իշխանություններին հիշեցնել, որ նրանք, ովքեր Հայաստանի անկախությունը վաճառքի են հանել, իրավունք չունեն անկախությունը տոնելու:

cuyc6

«Հայկական վերածնունդ» համասփյուքյան քաղաքական շարժումը, որը գործում է 12 երկրներում, արդեն երեք տարի է իր առջև նպատակ է դրել Սփյուռքին մասնակից դարձնել Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացմանը: Այն սկիզբ է առել Փարիզում և հիմնականում աջակցում է Հայաստանի հիմնադիր խորհրդարանին և դեմոկրատական ուժերին, որոնց ազնիվ է համարում:

Գերմանիայում ցույցը տեղի ունեցավ Քյոլնում` տաճարի մոտ: Քաղաքի ընտրությունը կազմակերպիչներից «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը հետևյալ կերպ է բացատրում. «Գերմանիայում հայաշատ հատվածը Քյոլնն է, որտեղ հիմնականում արևմտահայեր են և հեռու են այս ամենից: Այսպիսով Հայաստանի ներքաղաքական հարցերին մասնակցելու հնարավորություն ենք ստեղծել, տեսանելի դարձնելու իրավիճակը, որ բացի հայկական հարցը թուրքերի հետ, կա նաև այլ շարժում: Սա սփյուռքի և հայրենիքի միասնականության մի յուրահատուկ դրսևորում է, որ մեր պատմության մեջ առաջին անգամ ենք արձանագրում»:

cuyc7

Քյոլնում ցուցարարների շարքում էին «Հայ ակադեմիականների միությունը», Համբուրգի «Կիլիկիա» երիտասարդական միությունը, Աշաֆֆենբուրգի հայկական համայնքը, Եվրոպահայերի համագումարի Գերմանիայի մասնաճյուղը, Բիլիֆելդի Գրիգոր Գրիրգորյանի անվան մշակութային միությունը և բազմաթիվ հայեր Գերմանիայի ամենատարբեր քաղաքներից:

Մասնակիցները, վանկարկելով «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ինքնիշխան Հայաստան», «Մի թիզ հող հայրենիքից չենք հանձնելու», հանդես էին գալիս նաև մի շարք լոզունգներով` «Պավլիկ, սուրդ պատյան չդնես», «Մենք բոլորս Սասնա ծռեր ենք» և այլն:

cuyc8

Ցույցի կազմակերպիչնեը ձեռք էին բերել Հայաստանում բոլոր (70-ից ավելի) քաղբանտարկյալների ու քաղհալածյալների ցուցակը: Կարդալով նրանց անունները յուրաքանչյուրի համար մեկ աղավնի բաց թողեցին երկինք` որպես նրանց անմեղության ու ազատության խորհրդանիշ: Նախաձեռնության հեղինակ պարոն Ազատ Օրդուխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման բան անում է միայն գերմանական թևը. «Մեր պետությանը մենք սրանով ասում ենք, որ եթե դու մեր ընկերներին անազատության մեջ ես պահում, նրանք արդեն Եվրոպայի երկնակամարում սինվոլիկ ձևով ճախրում են: Տղաներին խնդրել էի, որ արծվի ձագեր ճարեին, բայց չկարողացանք այդ քանակությամբ գտնել և աղավնիներ ընտրեցինք: Իտերակտիվ ցույց է սա, ցուցարարը բացի լսելուց, վանկարկելուց, ինքն է աղավնին բաց թողնում: Սա կարևոր է, էմոցիոնալ կապ է ստեղծում»:

Վերջինս իր ելույթի խոսքում շնորհակալություն հայտնելով «Սասնա ծռեր» խմբի տղաներին` նշեց. «Սասնա ծռեր երևույթը մի անհաղթահարելի պատնեշ դարձավ հայրենի տարածքների դավադիր հանձնման ճանապարհին և խափանեց մեր երկրի սահմանների կրճատման սև գործը: Հայի ուժի, մտքի և խղճի զորագունդը` Սասնա ծռերի միավորումը, Սփյուռքին նույնպես լուսառատ կամ անշող Հայաստանների միջև կողմնորոշվելու ճամփաբաժին հանեց և բարձրաձայն հայտարարեց` այժմ ընտրությունը քոնն է Սփյուռք` կամ խոնարհ հարսի նման սիրավեպեր ես գրում հայրենիքը կործանման տանող ՀՀ իշխանական քրեա-օլիգարխիկ կլանների հետ, կամ կանգնում հայրենի կարիքավոր և պայքարող ժողովրդի կողքին և նրա հետ միասնաբար մասնակցում հայրենիքի ներքաղաքան անհետաձգելի հարցերի լուծմանը, նրան վերջնական կործանումից փրկելուն»:

cuyc3

Սեպտեմբերի 17-ին աշխարհով մեկ ցուցարարների պահանջը հիմնականում նույն էր.

-անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներին ու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժան հետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։

-ազատագրված Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է և նրանից որևէ տարածք չի կարող հանձնվել օտար պետության` բռնատիրական Ադրբեջանին, քանզի դա հայ ժողովրդի հայրենիքն է։ Արցախյան հարցի միակ լուծումը նրա վերամիավորումն է մայր Հայաստանին։

cuyc2

-Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։

-Հայաստանի Հանրապետության իրավական և ժողովրդավար ինքնիշխանությունը համարվում է գերագույն արժեք և որևէ զիճում անկախության և պետականության հարցում, մեր կողմից համառ դիմադրության կարժանանա:

Ցուցարարները խոստանում էին իրենց ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։

cuyc1

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել