Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկակաղամբով եւ բրոկոլիով գրատեն

Սեպտեմբեր 18,2016 12:30

Ֆրանսիական այս ճաշատեսակը՝ գրատենը, իրենից ներկայացնում է կաթնասերուցքային թանձրուկով բանջարեղեն՝ պատրաստված ջեռոցում՝ վրայից պանրի կամ պաքսիմատի շնորհիվ առաջացած խրթխրթան շերտով: Շատ նման է սլավոնական «զապեկանկային»: Ամենահայտնին կարտոֆիլով գրատենն է, սակայն ամենահամեղը, ըստ իս, ծաղկակաղամբովն է:

Անհրաժեշտ մթերքները

Ծաղկակաղամբ- 1 փոքրիկ գլուխ
Բրոկոլի-1 գլուխ
Բարձր յուղայնության կաթնասեր (կարող եք մի մասը թթվասեր վերցնել)- 200 գրամ
Ձու-3 հատ
Պինդ դեղին պանիր-100 գրամ
Կարագ – 50 գրամ
Համեմունքներ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

 

Ծաղկակաղամբն ու բրոկոլին լավ լվացեք, մասնատեք: Բնականաբար, կարող եք վերցնել միայն ծաղկակաղամբ կամ միայն բրոկոլի: Մեծ կաթսայի մեջ ջուր եռացրեք, մեկ ճաշի գդալ աղ լցրեք եւ 2-3 րոպեով արագ խաշեք բանջարեղենը: Կարող եք ոչ թե խաշել, այլ գոլորշու վրա արագ պատրաստել, այդ պարագայում կպահպանի ե՛ւ գույնը, ե՛ւ վիտամինների գոնե մի մասը: Դրա համար հարկավոր է եռացող ջրով լի կաթսայի վրա դնել ցանց կամ փլավքամիչ, բանջարեղենը դնել մեջը, կափարիչով փակել: Զգույշ եղեք, որ ջրի մեջ չմտնի ցանցը, որպեսզի բանջարեղենը հենց գոլորշիով եփվի եւ ոչ թե ջրով խաշվի: Երեք-չորս րոպեն լրիվ բավարար է:
Նկատենք, որ բանջարեղենը պետք է կիսահում, խրթխրթան մնա, չթողնեք շատ փափկի:

gratin1

Պատրաստեք թանձրուկը: Ձուն լավ հարեք, ավելացրեք կաթնասերը կամ կաթնասերի ու թթվասերի խառնուրդը, եթե կաթնասեր չունեք եւ կաթ եք ավելացնելու, կարող եք 1-2 գդալ ալյուր էլ ավելացնել: Ապա ավելացրեք քերած պանրի կեսն ու համեմունքները՝ սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած կանաչի՝ ըստ ձեր ճաշակի, քարրի կամ շաֆրան, կամ խմելի սունելի եւ այլն:

gratin2

Ջեռոցի համար նախատեսված հրակայուն ամանի հատակը լավ կարագոտեք (ցանկալի է վերցնել գեղեցիկ տարա, որով էլ հենց կմատուցեք գրատենը՝ այդպես է ընդունված), մեջը տեղավորեք ծաղկակաղամբի եւ բրոկոլիի ծաղկաբույլերը, վրան մի քանի կտոր կարագ դրեք (քանի որ կերակրատեսակը ֆրանսիական է՝ կարագը մի խնայեք), առատորեն լցրեք թանձրուկը, վրայից էլ՝ քերած պանրի մնացած կեսը:

gratin3Դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը մինչեւ երեսը լավ կարմրի՝ մոտ 20-25 րոպե: Մատուցեք տաք վիճակում:

gratin4

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Մելան ջան, քո բաղադրատոմսերը հրաշք են: Ես միշտ մեծ ոգեւորությամբ պատրաստում եմ դրանք: Ընտիր բաներ են ստացվում ու համով լինելուց բացի ստեղծում են նաեւ տոնական տրամադրություն: Շատ շնորհակալություն քեզ:

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, որոնք իմ տրամադրությունն էլ տոնական դարձրին: Շատ ուրախ եմ, որ կարդում եք եւ առավել եւս՝ պատրաստում այս բաղադրատոմսերով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930