Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր օլիմպիական ոսկիները եւ մենք

Սեպտեմբեր 18,2016 12:00

Երբ մրցավարները հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի ձեռքից «նագլի» ձեւով խլեցին օլիմպիական ոսկին, հայ դյուցազունն այնքան ազդվեց, որ նույնիսկ արտասվեց: Հիասթափությունն այնքան մեծ էր, որ հայ ըմբշամարտիկը հրապարակավ հայտարարեց, որ ընդմիշտ կհեռանա սպորտից: Այդ օրերին բոլորիս վրդովմունքն ու հիասթափությունն էին մեծ, որովհետեւ մրցավարներն իրենց այդ անարդարությամբ ոսկին ոչ միայն Միհրան Հարությունյանից էին խլել, այլեւ ողջ հայ ժողովրդից: Փաստորեն, մրցավարական այդ բացառիկ անարդարությունը նաեւ քաղաքական նշանակություն ունեցավ. մեկ ոսկի պակասի պատճառով հայ օլիմպիականները տարածաշրջանում գրավեցին ոչ թե առաջին, այլ ընդհակառակը՝ վերջին տեղը:

Այդուհանդերձ, հիմա տրամադրված եմ խոսել ավելի լավ բաներից: Թեկուզեւ՝ հենց այս թեմայով: Իսկ այս թեմայով լավ բանն այն է, որ այս պահի դրությամբ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը հրաժարվել է սպորտին ու ըմբշամարտին հրաժեշտ տալու գաղափարից եւ տրամադրված է առավել նվիրվածությամբ ու վճռականությամբ պատրաստվել հետագա մրցամարտերին:

Այսինքն՝ հայ ըմբիշի տրամադրությունը վերականգնված է, եւ նա վերստին տրամադրված է իր սիրած գործով զբաղվել: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը զգում է, որ ինքը մենակ չէ: Իր թիկունքին ոչ միայն մտերիմներն ու հարազատներն էին, ոչ միայն Հայաստանի մարզական ղեկավարությունն էր, այլեւ մի ամբողջ ժողովուրդ: ՀՀ սպորտի նախարարն էլ հրապարակավ խոստացավ, որ անարդարություն իրականացրած մրցավարներն անպայման կպատժվեն:
Փաստորեն, Միհրան Հարությունյանը հայրենիքում արժանացավ նույնքան ջերմ ընդունելության, ինչպիսին որ արժանացավ մեր մյուս դյուցազունը՝ օլիմպիական ոսկին նվաճած գյումրեցի Արթուր Ալեքսանյանը, ում դեմ նույնիսկ մրցավարներն ի վիճակի չէին որեւէ բան անել:

Արթուրի առիթով տեղին է նշել հատկապես մեր գյումրեցի մարզիկների մշտական հաջողությունները՝ չմոռանալով հիշել ու նշել, որ նրանք անհամեմատ դժվարին պայմաններում են մարզվում, քան մայրաքաղաքի մեր մարզիկները:

Բայց ես ուզում էի խոսել ավելի լավ բաներից, ընդ որում՝ վերստին մարզական թեմայով: Ընդ որում՝ վերստին մեր օլիմպիական հաջողություններից: Իսկ այդպիսիք, փառք Աստծո, եղել են: Ընդ որում՝ շա՜տ-շա՜տ: Եթե մենք մոռացել ենք ու չենք հիշում, դա չի նշանակում, թե չեն եղել: Ընդ որում՝ շատ խորն ենք մոռացության մատնել:
Առիթով ու անառիթ մշտապես ասում ու շեշտում ենք, որ 1996-ին ըմբշամարտիկ Արմեն Նազարյանի նվաճած օլիմպիական ոսկին առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Հիմա ասում ենք, որ Արթուր Ալեքսանյանինը, փաստորեն, երկրորդն է: Արթուրինը երրորդը կլիներ, եթե մրցավարները չգրպանեին Միհրան Հարությունյանի ոսկին:

Բայց ես խոստացա խոսել լավ բաներից եւ հիմա խոստումս կկատարեմ: Որպեսզի խոստումս կատարեմ, պիտի տամ հետեւյալ հարցը. իսկ ի՞նչ հաջողությունների են հասել հայ մարզիկները 1992 թվականին Բարսելոնի օլիմպիական խաղերում: Պատասխանը, համոզված եմ, շատերիդ կապշեցնի, ինչպես որ ինձ ապշեցրեց: Երեք ոսկի եւ մեկ արծաթ: Ոսկիները նվաճել են ծանրամարտիկ Իսրայել Միլիտոսյանը, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ըմբշամարտիկ Մնացական Իսկանդարյանը, իսկ արծաթը՝ ըմբշամարտիկ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը:

Շուտով մենք ազգովի կնշենք մեր անկախության 25-ամյակը: Դա նշանակում է, որ 1992-ին արդեն անկախ էինք: Դա նաեւ նշանակում է, որ մենք մեր օլիմպիական ամենահարուստ ավարն ունեցել ենք մեր անկախության առաջին իսկ տարում: Ոգեւորությանս վրա ջուր լցնողներն ասում են, որ 1992-ի մեր ոսկիների առիթով Հայաստանի պետական հիմնը Բարսելոնում չի հնչել եւ Հայաստանի պետական դրոշն էլ չի բարձրացվել, որովհետեւ 1992-ի օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանը միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ չէր եւ Բարսելոնի օլիմպիական խաղերին մասնակցում էր որպես ԱՊՀ անդամ երկիր: Բայց մի՞թե դա է կարեւորը: Մի՞թե դա պատճառ է, որպեսզի այսպես հիմնովին ու հիմնավոր մթագնենք մեր հիշողությունը:

Ո՞վ է մեղավոր, որ 1992-ի օլիմպիական խաղերին մասնակցել ենք ԱՊՀ-ի կազմում: Հատկապես ու առանձնապես մեր չեմպիոնները՝ Իսրայել Միլիտոսյանը, Հրաչյա Պետիկյանն ու Մնացական Իսկանդարյանը մեղավոր չեն:
Մեղավորը մենք ենք, որ մեզնից կախված ամեն ինչ անում ենք, որպեսզի մոռացության մատնենք մեր մեծագույն հաջողությունները: Եվ պետք է ասեմ՝ էդ գործը շատ հաջող ենք անում:

1992-ին Հայաստանը ոչ միայն անկախ էր, այլեւ, փաստորեն, պատերազմական դրության մեջ էր: Եվ պատերազմական դրության մեջ մեր մարզիկները սխրանքներ էին գործում: Պարզապես այն ժամանակ ընդունված չէր այս թեմայով խոսել ու այս թեման շահարկել: Հիմա, երբ վերստին զինադադար է, արժե հիշել ու խոսել: Պարտավոր ենք:

Ես խոստացա խոսել լավ բաներից, բայց, փաստորեն, խոստումս չկատարեցի: Որովհետեւ հիշողության կորուստը ոչ թե լավ բան է, այլ վատ: Շատ վատ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930