Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որով ազդարարվեց անկախությանը նվիրված միջոցառումների սկիզբը: Երեկոյի մեկնարկը տվեցին Արևիկ մանկական երգչախմբի սաները՝ ՀՀ օրհներգի կատարումով:
Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ հյուպատոս Արմելլա Շաքարյանը, ով, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը պատվով է հաղթահարել բոլոր փորձությունները: «1991 թվականի անկախության հանրաքվեն ժամանակակից պատմության պայծառ էջերից մեկն է, երբ հայ ժողովուրդը արտահայտեց իր կամքը՝ ապրելու ազատ, անկախ և տնօրինելու սեփական ճակատագիրը: Սեպտեմբերի 21-ը դարձել է մեր հավատի, նվիրումի և վստահության խորհրդանիշը», – նշեց ՀՀ ներկայացուցիչը:
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահ Քևին դե Լեոնը՝ փոխանցելով նաև Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամաս տանող ցուցանակի կրկնօրինակը:
Միջոցառմանը ներկա էր նաև Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնը, ով շնորհավորեց ամերիկահայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ այն որակելով որպես բարձրագույն արժեք: Իր խոսքում քաղաքապետն անդրադարձավ նաև Արցախի անկախությանը՝ որպես մեկ այլ կարևոր և մեծ նվաճումի:
«Անկախ Հայաստանն աշխարհասփյուռ հայերին օժտեց քաղաքական ձայնով՝ միջազգային ասպարեզում հանդես գալու համար» խորագրով զեկույցով հանդես եկավ ամերիկահայ գործիչ Մեթյու Քարանյանը: Տոնական երեկոյի ընթացքում ցուցադրվեցին հայտնի նկարչուհի Էլիզաբեթ Շահինյանի (Լիզո) աշխատանքները՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:
Միջոցառմանը ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը Էլիզաբեթ Շահինյանին և Մեթյու Քարանյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալները՝ Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նպաստ բերելու համար:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն