Սեպտեմբերի 19-ից մեկնարկում է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի 2-րդ փուլը, որի ընթացքում ՀՀ սահմանապահ համայնքների դպրոցականները կայցելեն Երեւանի մշակութային օջախներ` թատրոն, օպերա, համերգասրահ: Այս մասին այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում լրագրողներին հայտնեց Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Արմինե Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ այս անգամ ծրագրին մասնակցում են աշակերտներ նաեւ Թալիշից, Մարտակերտից, Մատաղիսից. «Այն ոգեւորվածությունը, որն առաջին փուլի ժամանակ կար երեխաների շրջանում, հնարավոր չէ նկարագրել: Ծրագիրը հաջողված է»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը նշեց, որ ծրագիրը գիտաճանաչողական նշանակություն ունի. «Սոցիոլոգիական հետազոտություն կատարեցինք` երեխաներին խնդրելով պատասխանել հարցին, թե որտեղ կցանկանային լինել Երեւանում: Գազանանոցը կապ չունի մշակութային ծրագրի հետ, բայց այցելությունը նույնպես ընդգրկեցինք ծրագրի մեջ, հատկապես Արցախի երեխաներն էին այն մատնանշել: Մարզերի երեխաների մեծ մասն առաջին անգամ է Երեւանը տեսնում: Այցի մեջ նաեւ ճանաչողական բաղադրիչ կա: Օրինակ, եթե Օպերայում «Անուշ» են դիտում, մինչեւ ներկայացումը շենքով զբոսանք են կատարում, անգամ տեսնում, թե դերասանները ոնց են շպարվում»:
Գագիկ Մանասյանը հայտնեց, որ ի թիվս այլ հաստատությունների, աշակերտները կլինեն Ազգային պատկերասրահում, ՊՆ թանգարանում, Կոմիտասի անվան թանգարանում, իսկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կմասնակցեն ֆոլկլորային երաժշտության դաս-համերգի` լույսի ձայնի եւ թատերական տարրերի համադրությամբ ծանոթանալով ազգային նվագարաններին:
Հավելենք, որ «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրն ընդգրկում է 3000 աշակերտի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ