ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017թթ. դասընթացի մասնակիցների հետ:
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ներկայացնել ՀՀ զինված ուժերի առանձնահատկություններն ու ձեռքբերումները:
Խոսելով ՀՀ զինված ուժերի ձևավորման մասին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ արդեն 25 տարի է հայ ժողովուրդը հայկական զինված ուժերի և վարվող պաշտպանական քաղաքականություն շնորհիվ շարունակում է իր խաղաղ արարումը և ապահովում է այս տարիների ամենակարևոր ձեռքբերումը` Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Հանդիպման ընթացքում դպրոցի ունկնդիրներին են ներկայացվել նաև ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, անցած տարիների ընթացքում զինված ուժերում իրականացված բարեփոխումները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ապրիլյան մարտական գործողություններին, ներկայացրել սպաների, ենթասպաների, ժամկետային զինծառայողների հերոսությունների դրվագներ, խոսել է կատարված վերլուծությունների և հետևությունների մասին:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցի» մասնակիցների հարցերին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն