«Սիրիայում սեպտեմբերի 12-ից ռուս-ամերիկյան տևական բանակցությունների արդյունքում ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմն ունենալու է նախորդ 17 հրադադարի ռեժիմների ճակատագիրը»,-կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Երկօրյա ժամանակավոր հրադադարը հիմնականում պահպանվեց: Սեպտեմբերի 19-ին կողմերը կհայտարարեն` արդյոք շարունակելո՞ւ են հետեւել հրադադարի ռեժիմին, թե համաձայնությունները տապալվելու են»,-այսօր «Արմենպրեսում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Պետրոսյանը: Նա նկատեց, որ հրադադարի մասին պայմանավորվածությամբ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ փորձ է արվել շտկելու այն խնդիրները, որոնք ժամանակին խոչընդոտեցին նախորդ հրադադարի ռեժիմների պահմանմանը:
«ԱՄՆ-ն պատասխանատվություն է ստանձնել տարանջատելու ընդդիմադիր խմբավորումներին` Ջաբհաթ ալ-Նուսրայից, իսկ Մոսկվան` ստիպելու, որպեսզի Բաշարի Ասադի վարչակարգը զերծ մնա ընդդիմության դեմ ռազմական գործողություններ իրականացնելուց: Հանգուցակետն այն է, որ սիրիական բանակն ընդհանրապես դադարեցնում է ռազմական գործողությունները: Սա կարեւոր է նրա համար, որ չկրկնվի նախորդ զինադարարների իրավիճակը, այսինքն` իրենք չփորձեն իրենց ռազմական գործողությունները ներկայացնել որպես «Ալ-Քաիդայի» եւ ԻՊ-ի, իսկ միջազգային մամուլը կամ սիրիական վարչակարգի հակառակորդները` որպես ընդդիմության դեմ արված գործողություններ»,-ասաց արաբագետը` հավեվելով, որ կարծես թե Մոսկվային հաջողվում է կյանքի կոչել նշյալ պարտավորությունը:
Արմեն Պետրոսյանի խոսքով` կարճաժամկետ հեռանկարում Սիրիայում հաստատված հրադարարն արդյունքներ կունենա. «Էականորեն կմեղմվեն ռազմական գործողությունները, իսկ դրանց թատերաբեմում գտնվող խաղաղ բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու հնարավորություն կստեղծվի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ