Ինչպես և սպասվում էր, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին հրաման ստորագրեց՝ Կարեն Կարապետյանին նշանակելով երկրի նոր վարչապետ, ռուսական «Վզգլյադ» թերթում գրում է հրապարակախոս, հայ-ռուսական հարաբերությունների հարցերով փորձագետ Դենիս Դվորնիկովը:
Այս քաղաքական գործչի կենսագրությունը բավականին խոսուն ուրվագծեր ունի, շարունակում է հոդվածագիրը: 2010-2011թթ. Կարապետյանը զբաղեցրել է «ՀայՌուսգազպրոմի» գլխավոր տնօրենի պաշտոնը, 2010թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հոկտեմբերը եղել է Երևանի քաղաքապետը, իսկ 2012թ.-ից բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական «Գազպրոմ»-ում:
Հայ հասարակության մեջ այս նշանակումն առաջացրեց խառը, բայց բավականին վառ էմոցիաներ: Դրանց մեջ դոմինանտը զգույշ հույսերի զգացողությունն է: Հայաստանի բնակչությունը երկար է սպասել փոփոխությունների:
Եվ այն, որ ռուս վերլուծաբանները հաճախ անվանում են «մայդանային» (կամ «էլեկտրամայդան») բողոքի ակտիվություն, ըստ էության, տարրական հոգնածություն է տնտեսական խնդիրներից, սոցիալական անարդարությունից, հեռանկարի բացակայությունից և դեպի Ռուսաստան, Եվրոպա և այլ երկրներ բնակչության հոսքից:
Կարդացեք նաև
Անկասկած, Կարեն Կարապետյանն ընկալվում է որպես Ռուսաստանի դրածո, շարունակում է Դվորնիկովը: Ցանցում արդեն տարածվել են դեմոտիվատորներ «իրականացող երազանքների» մասին՝ նմանակելով «Գազպրոմի»-ի գովազդային հայտնի կարգախոսը:
Այսինքն, այն «ժողովրդական վստահության կառավարությունը», որի մասին խոսում էր նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամից հետո, հենց սկզբից ունի հստակ արտահայտված «ռուսական շեշտադրություն»:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին անզեն աչքով էլ նկատելի է Հայաստանում քաղաքական վերնախավի շրջադարձը Ռուսաստանի կողմը: Այժմ այդ միտումն ավելի է ուժեղացել:
Հայաստանի քաղաքականության ռուսամետ ուղղվածության վառ ազդանշանները պետք է կրակոտ «Կալինկայի» նոպա առաջացնեն Մարիա Զախարովայի և այլ մեկնաբանների, փորձագետների ու գործիչների մոտ, որոնք իրենց նույնականացնում են «փափուկ ուժի» հայրենական ինստիտուտների հետ:
Առաջին հայացքից Կարեն Կարապետյանի նշանակումը նվազեցնում է արևմտամետ ուժերի ճնշման տակ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը:
Մյուս կողմից, որպես անկուսակցական քաղաքական գործիչ, նա թողնում է փոխզիջումային ֆիգուրի տպավորություն, որն ի վիճակի է հանել լարվածությունը և կայունացնել հայ հասարակությունը:
Թվում է, որ ռուս քաղաքական գործիչները, ովքեր ջղաձգորեն ընդունեցին Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը և «Սասնա ծռերի» բողոքը, դարձյալ կարող են մեջքը ձգել աթոռներին և սովորականի պես ձեռքով անել Երևանին. «ու՞ր պիտի փախչեն»:
Մինչդեռ դա շատ խաբուսիկ տպավորություն է՝ մի քանի պատճառով:
Բանն այն է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և այսպես կոչված մշակութային դիվանագիտությունը, ի տարբերություն ամերիկացի դիվանագետների աշխատանքի, կենտրոնացած է էլիտաների վրա, ոչ թե հասարակության:
Օրինակ, շատ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի դեսպանը մի օր հասարակ երևանցիների հետ փաբում ֆուտբոլ կնայի և կերկրպագի Հայաստանի ազգային հավաքականին, ինչպես անում է նրա ամերիկացի գործընկերը, գրում է Դվորնիկովը:
Միաժամանակ, Հայաստանի հասարակ քաղաքացիների շրջանում աճում են հակառուսական տրամադրությունները: Եվ շատ արագ են աճում: Դրան նպաստում են Ղարաբաղյան հարցով ռուս քաղաքական գործիչների անզգույշ հայտարարությունները և ադրբեջանական կողմին հարձակողական զենքի վաճառքը:
Հայաստանում մարդկանց հաճախ վիրավորում է նույնիսկ ոչ այնքան Մոսկվայի և Բաքվի միջև համաձայնագրի առկայության փաստը, որքան այն մեկնաբանությունները, որոնցով հանդես են գալիս ռուս այնպիսի բարձրաստիճան գործիչներ, ինչպիսին, օրինակ, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն է:
Այդ սխալներից տեղեկատվական դաշտում հաճույքով օգտվում են Ռուսաստանի ընդդիմադիրները, որոնց մնում է միայն հղում անել այդ սկանդալային հայտարարություններին:
Արդյունքում Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսական խոշոր ֆինանսա-արդյունաբերական խմբերից և ընկերություններից ստեղծում է անկանխատեսելի հյուսիսային դաշնակցի գրկում կլաուստրոֆոբիայի առավել սուր զգացողություն:
Դժգոհություններ են հնչում նաև ռուս հասարակական գործիչների վարքից, որոնք դեմոնստրատիվ այցերով գալիս են Հայաստան: Ինչպես նկարագրում է հայ լրագրողներից մեկը՝ «նրանք գալիս են արտահայտվելու, բայց անգամ չեն էլ փորձում լսել մեզ»:
Դա կրկնակի վիրավորական է ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների համար, որոնք անկեղծորեն ցավում են հայ-ռուսական հարաբերությունների համար և շատ հաճախ ի սրտե պնդում են իրենց դիրքորոշումը:
Իրավիճակը նման է հրաբխային գործընթացի:
Հայ հասարակության վերևում ռուսամետ «կորիզն» է, որի տակ, գնալով առավել թեժ, փոթորկում են հակառուսական ուժերը: Ընդ որում, իշխող վերնախավի ցանկացած ոչ ճիշտ գործողություն բնազդորեն կապվում է Ռուսաստանի ազդեցության հետ:
Նման իրավիճակում «գազպրոմյան» վարչապետի նշանակումը մեծ ռիսկեր է պարունակում, շարունակում է հոդվածագիրը: Գոնե միայն այն պատճառով, որ մարդիկ սպասում են փոփոխությունների բարձր տեմպի և հստակ արդյունքների, որոնք կարելի է զգալ արդեն հաջորդ տարվա ապրիլին, երբ սկսվեն ընտրությունները և անցում կատարվի խորհրդարանական հանրապետության:
Օրինակ, շատ հայեր հույս ունեն, որ նոր վարչապետին կհաջողվի համոզել Մոսկվային որոշ տնտեսական արտոնություններ տալ, ինչպես նաև չխոչընդոտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին՝ գազի մատակարարումների և փոխադրումների հարցերում:
Այսօր արդեն Կարեն Կարապետյանի հայտարարել է, որ անհրաժեշտ է իջեցնել գազի և էլեկտրականության սակագները: Կարծում եմ, որ սա նոր վարչապետի և նրան այդ պաշտոնը վստահողների միայն առաջին տնային առաջադրանքն է:
Բայց պետք է հիշել, որ «ժողովրդական վստահության կառավարությունից» հիասթափությունը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքական վարչակարգի փոփոխության, այլև արմատապես փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ խլելով ռուսամետ գործիչների ոչ մեծ խմբի վերջին փաստարկները:
Հաշվի առնելով լարվածությունը ղարաբաղյան ճակատում, արմատական խմբավորումների ակտիվ գործողությունները Սիրիայում և Իրաքում, աշխարհաքաղաքական շահերի բարդ թնջուկը Անդրկովկասում՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անհեռատես քաղաքականության արդյունքները կարող են ճակատագրական լինել ամբողջ տարածաշրջանի համար:
Պատրա՞ստ են արդյոք Ռուսաստանի գերատեսչությունները վերաիմաստավորել այդ ռիսկերը, ցույց կտա ժամանակը, եզրափակում է հոդվածագիրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ