Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. Կուսակցությունները լուրջ փոփոխություններին դեմ կլինեն

Սեպտեմբեր 17,2016 15:12

«Այս կառավարությունը Հայաստանում չունի որեւէ համակարգային հենարան»,- սեպտեմբերի 17-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նա նշեց, որ ամբողջ չինովնիկական դաշտը դեմ կլինի փոփոխություններին. «Անցած տարի ես հաշվել եմ, որ այդ բյուրոկրատական համակարգը ինչքան կարելի է կրճատել: Ուրեմն՝ կառուցվածքը կարելի է կրճատել 3 անգամ, ամբողջ չինովնիկական կազմը՝ մոտավորապես 10 անգամ: Հասկանում եք, թե ինչքան մարդիկ դեմ կլինեն փոփոխություններին»:

Հարություն Մեսրոբյանը համարում է, որ նաեւ կուսակցությունները լուրջ փոփոխություններին դեմ կլինեն. «Իշխող կուսակցությունները որոշ չափով կա՛մ այսօրվա, կա՛մ երեկվա, կապ չունի այնտեղ ընդդիմությունը, իշխանություն պայմանական բաժանարար գիծ է՝ ցանկացածի հետ կարող է լինել կոալիցիա: Դեմ են, որովհետեւ այդ ժամանակ իրենց գործունեության բուն իմաստն է սկսում կորել՝ մեկ, երկրորդ՝ քանի իշխանության հետ շաղկապված է օլիգարխիան, իսկ կառավարության լուրջ աշխատանքը պետք է հանգեցնի ստվերի դեմ պայքարին, ինչի մասին նաեւ հայտարարվեց: Իսկ սա նշանակում է, որ ամբողջ չինովնիկաօլիգարխական կազմն էլ է դեմ իրականության մեջ: Ճիշտ է՝ բարձրաձայն չի ասվելու, բայց իրականության մեջ իրենք էլ են դեմ»:

Անդրադառնալով վերջին երկու տարիների ընթացքում ստեղծված ընդդիմադիր կուսակցություններին՝ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ իրենք էլ չեն ցանկանա, որ կառավարությունը հաջողի, քանի որ իրենց հռետորաբանությունը կես տարի հետո ավելի թույլ է լինելու: Իսկ ծայրահեղ ընդդիմությանը առավել եւս պետք չէ, որ Հայաստանը հաջողի. «Եթե անգամ լոյալ ընդդիմությանը դա ձեռք չի տալիս, ապա ծայրահեղ ընդդիմությանը ընդհանրապես ձեռք չի տալու, որովհետեւ եթե պատկերացնենք հեքիաթ, Հայաստանը սկսեց ծաղկել՝ ծայրահեղականությունը ի՞նչ գործ ունի ընդհանրապես մեր քաղաքական եւ քաղաքացիական դաշտում»:

Հարություն Մեսրոբյանի խոսքերով՝ մյուս խաղացողները գերտերություններն են, որոնց նույնպես պետք չի հզոր Հայաստան: Աշխարհի բոլոր գերտերություններում պետք չէ առավել եւս այս տարածաշրջանում հզոր զարգացող մեկ այլ պետություն: Իսկ ժողովուրդը լուրջ փոփոխությունների հենարան չէ. «25 տարի հավատը կորած է, որ որեւէ նոր փոփոխություն ի վերջո հանգեցնելու է որակապես ավելի նոր զարգացած իրավիճակի, որովհետեւ ինչքան փոխվել են մեզ մոտ կառավարությունները որոշ կառավարությունները չեն հասցրել ինչ-որ բան անել, որոշ կառավարությունները ընդհանրապես չէին ուզում անել: Ի վերջո մենք չենք կարող ասել՝ այս կառավարությունը 100 տոկոսով հաջողակ է:

Հետեւապես՝ ժողովուրդը լավագույն դեպքում սպասողական վիճակում է: Բայց եթե ավելի իրական նայենք՝ ժողովուրդը սպասողական իրավիճակում է, բայց անհավատության դիրքերից, այսինքն՝ հոռե ավելի ուժեղ է: Հետեւապես՝ հենարան գոյություն չունի, խոսքը այս կառավարության մասին չէ: Ցանկացած թիմ, որը կուզի Հայաստանում լուրջ փոփոխություններ անել, դատապարտված է աշխատել մահապարտի ռեժիմով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930