Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` Էջմիածնում տեղի ունեցած կրակոցներից

Սեպտեմբեր 17,2016 13:59

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ին նոր մանրամասներ է հայտնում երեկ Էջմիածնում գործող քաղաքապետի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքից:

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին- Երևան ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Էջմիածին- Երևան ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայր Արման Գրիգորյանը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։ Դիմումատուն նաեւ հայտնել է, որ հետապնդել են «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենային, որին միացել է նաեւ Ա.Գրիգորյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հարվածել «Վազ 21-06» ավտոմեքենային, կանգնեցրել, սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ վերցրել են ատրճանակը, որով կրակոց է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ քաղաքացու ներկայացրած հաղորդումն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Էջմիածին քաղաքի Կամո փողոցի վերջնամասում` Կամո-Մաշտոց փողոցների խաչմերուկի հարևանությամբ հայտնաբեվել են բախման հետևանքով տարբեր հատվածներում վնասված թվով 3 ավտոմեքենաներ։

Զննությամբ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ավտոմեքենաների սրահների տարբեր հատվածներից բինտե խծուծներով վերցվել են քսուքներ, որոնք առանձին փաթեթավորվել են: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի պարկուճ: Բացի այդ` նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ նշելով, որ կրակոցներն արձակվել են հիշյալ ատրճանակից: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Նախաքննական մարմինը հուլիսի 17-ին տեղեկացվել է, որ Ա.Թումանյանը եւ նրա կողմնակիցը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների հայտարարության՝ Ա.Թումանյանն առայժմ ի վիճակի չէ ցուցմունք տալու, մյուս տուժածի հարցաքննությունը դեպքի վերաբերյալ շարունակվում է, ով ներկայացրել է այլ վարկած։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Մշակվել է քննչական պլան եւ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։ Քննությամբ պարզված հանգամանքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,- Aravot.am-ին ասաց Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը  23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930