Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Էջմիածնում տեղի ունեցած արտակարգ պատահարից:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:30-ի ժամանակահատվածում կրակել են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:
Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:
Արթուր Թումանյանը երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպից հետո եղել է Էջմիածնի հիվանդանոցում, իսկ լուսադեմին նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Կարդացեք նաև
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին` Ստեփան Աբգարյանը, ևս գտնվում է հիվանդանոցում, իսկ Արթուր Թումանյանի գլխավորած ավագանու ցուցակի անդամներից Կիրակոս Բաժակյանը երեկ գիշեր` միջադեպից հետո, անձնագիրը տանից վերցրել ու հեռացել է անհայտ ուղղությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Թումանյանի նախընտրական շտաբից պնդեցին, որ Մանվել Գրիգորյանի որդու մեքենայի վրա տեղի ունեցած կրակոցի հետ իրենք կապ չունեն, այլ «դա իմիտացիա է` կազմակերպված Մանվել Գրիգորյանենց կողմից»:
Մեր տեղեկություններով` ամեն ինչ սկսվել է նրանից, որ քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիոգրյանի թիմակիցները իբր առևանգել են Կիրակոս Բաժակյանին, իսկ Արթուր Թումանյանի թիմակիցները, իմանալով դա, գնացել են նրան փնտրելու: Արդեն Էջմիածնից դուրս` Զվարթնոց բնակավայրի հարակից տարածքներում` բենզալցակայանի հատվածում, Ստեփան Աբգարյանին և նրա ընկերներին մեքենաներով շրջափակել են գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները, հետո նաև հետապնդել են նրանց:
Ի դեպ, քիչ առաջ Ստեփան Աբգարյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել տուն: Սակայն ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել է, նորից հետ են բերել հիվանդանոց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ